տուն Հասարակություն Հանկարծ պարզվեց, որ ամենահայրենասեր, մեր ազգի լեզուն ու պատմությունը սիրող մարդիկ միայն...

Հանկարծ պարզվեց, որ ամենահայրենասեր, մեր ազգի լեզուն ու պատմությունը սիրող մարդիկ միայն լեզվաբաններն ու պատմաբաններն են. դասախոս

277
0

Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, քննարկվելով մի շարք մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների, առաջաց­րեց դժգոհություն բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողների շրջանում:

Թեմայի շուրջ տարբեր կարծիքներ հնչեցվեցին նաև պրոֆեսորադասախոսական ներկայացուցիչների կողմից: AraratNews.am-ն անդրադարձել է թեմայի շուրջ ներկայացվող երկու իրարամերժ տեսակետների վերլուծությանը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը համարում է, որ առաջին կուրսում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը որևէ էական ազդեցություն չի ունենում ուսանողների գիտելիքային բազայի բարելավման հարցում. «Եկեք մի պահ անտեսենք, թե ինչ մասնագիտության տեր ենք, որ առարկայի դասախոս ենք ու փորձենք հասկանալ՝ ինչում է խնդիրը։ Մի ամբողջ 12 տարի անընդմեջ սովորում ենք հայոց լեզու, այնուհետև խորացված հանձնում ենք քննություններ 9-րդ և 12-րդ դասարաններում։ Հետո ընդունելության քննություն ենք հանձնում՝ հայոց լեզվից պարտադիր, հետո էլի ենք անցնում հայոց լեզու՝ արդեն բուհում։ Միևնույն է, չորրորդ կուրսում միջանկյալ քննության տետրեր եմ ստուգում ու շատերի մոտ բազմաթիվ լեզվական սխալներ գտնում։ Ըստ այսօրվա տրամաբանության, պետք է այսքան տարիների ընթացքում հայոց լեզվի ուսումնառության արդյունքում բոլորը փայլուն տիրապետեին մայրենի լեզվին։ Եվ ի՞նչ ունենք:

Պարզապես, գիտե՞ք ինձ ինչն է զարմացնում և զայրացնում։ Հանկարծ պարզվեց, որ ամենահայրենասեր, մեր ազգի լեզուն ու պատմությունը սիրող և գնահատող մարդիկ միայն լեզվաբաններն ու պատմաբաններն են։ Ինչեր ասես, մտքի ինչպիսի գոհարներ ասես շաղ չեն տալիս։ Թե բա՝ գնահատեք մեր լեզուն, մեր պատմությունը. լավ, գնահատելը, սիրելն ու պահպանելը էլ ո՞նց է լինում։
Բուհերն ազատ են ընտրության հարցում. ինչի՞ համար է այս վայնասունը:

Գոնե այս հարցը հայրենասիրության մակարդակ տանողները տարրական հայերենին տիրապետո՞ւմ են, թե՞ ուրիշ շարժառիթներ կան։
Անկեղծ եղեք ու բարձրաձայնեք իրական խնդիրները, որ մեզանում անհաշվելի են»։

AraratNews.am-ի հետ ունեցած զրույցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը հաստատեց, որ գործադուլին մասնակցել են միայն բանասեր և պատմաբան դասախոսները. «Սակայն այնպես էլ չէ, որ բոլոր բանասերներն ու պատմաբաններն են մասնակցել: Դա կամավոր ակցիա էր. ով ցանկացավ՝ միացավ»:

Արտակ Մովսիսյանը տրամաբանական է համարում, որ տվյալ պարագայում իրենց ձայնը, առաջին հերթին, պետք է բարձրաձայնեին վերոնշյալները. «Ստորագրահավաքին բազմաթիվ ոչ բանասեր ու ոչ պատմաբան մարդիկ են միացել՝ քիմիկոս, ֆիզիկոս, բժիշկ: Իմ տեղեկություններով Բժշկական համալսարանից երեք հոգի արդեն ստորագրել են»:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը գտնում է, որ հայոց լեզուն ու հայոց պատմությունը յուրաքանչյուր մասնագիտության մեթոդաբանությանը համապատասխան պետք է մատուցվեն. իրավաբանին իր ձևով, ֆիզիկոսին՝ իր. «Համալսարանում ամբողջական պատմություն անցնում են միայն Պատմության ֆակուլտետում, իսկ մյուս ֆակուլտետներում դասավանդվում է «Հայոց պատմության հիմնահարցեր» առարկան»:

Արտակ Մովսիսյանը հավելեց, որ Հայաստանի ղեկավարներից ոչ ոք կրթությամբ քաղաքագետ չի եղել: Բուհերում հայոց պատմությունից ու հայոց լեզվից նրանք ձեռք են բերել որոշակի գիտելիքներ, որն անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարն ունենա:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը: