տուն Հասարակություն Բժիշկ Հայ նորարարները՝ համաշխարհային բժշկության մեջ

Հայ նորարարները՝ համաշխարհային բժշկության մեջ

343
0

Պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը կարևոր դեր են խաղացել հայրենիքի սահմաններից դուրս, անփոխարինելի ներդրում են ունեցել այս կամ պետության մշակույթի, գիտության, փիլիսոփայության և բժշկության ոլորտում։ Այս հրապարակման հերոսները նույնպես հայ ժողովրդի զավակներն են, որոնց ներդրումը համաշխարհային բժշկության զարգացման գործում նշանակալի է և արժանի է հարգանքի։

Հայտնի ամերիկահայ վիրաբույժ Վարազդատ Կազանջյանն առաջին գիտնականն է, որ ստացել է պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի աստիճան։ Նա պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության հիմնադիրներից է:

Վարազդատ Կազանջյանը ծնվել է 1879 թ. մարտի 18-ին՝ Օսմանյան կայսրության Երզինջանում (Արևմտյան Հայաստան), բայց ավելի ուշ արտագաղթել է Միացյալ Նահանգներ:

Սկզբում նա բնակություն հաստատեց Վորչեստր քաղաքում, բայց ոչ երկար ժամանակով՝ մինչև որ յուրացրեց լեզուն: Դրա համար նա հաճախում էր երեկոյան դասընթացների: Եվ հասնելով լեզվի իմացության պատշաճ մակարդակի՝Վարազդատը հեշտությամբ ընդունվեց Հարվարդի «Դանտիստրի«» դպրոցը: Կազանջյանը 1905 թվականին ավարտում է Հարվարդի ստոմատոլոգիական դպրոցն ու իրավունք ստանում աշխատելու որպես «ատամնաբույժի օգնական»:

Շուտով Վարազդատն սկսեց իր մասնագիտության մեջ զբաղվել կոնկրետ վերին ծնոտի խնդիրներով և առանձին կլինիկա բացեց: Մի քանի ամիս անց դոկտոր Կազանջյանն արդեն վայելում էր առաջին մասնագետի համբավը դեմքի պլաստիկ վիրաբուժության ոլորտում:

1915-ին Ֆրանսիայի կառավարությունը դիմեց Հարվարդի համալսարանին՝ խնդրելով ընտրել օրթոպեդների մի խումբ՝ նրանց տեղափոխելու պատերազմող Եվրոպայում Անտանտի կողմից տեղակայված հիվանդանոցներ: Այդպիսով Կազանջյանը հայտնվեց Ֆրանսիայի հարավում, որտեղ նա աշխատում էր «Յանկիներ» կոչվող հիվանդանոցում:

Կազանջյանը հիվանդանոցի մերձակայքում առանձին մասնագիտացված կլինիկա կազմակերպեց ու այնտեղ տարավ իր բոլոր հիվանդներին: Երկու տարում նա իր  աշխատակազմի հետ միասին վիրահատեց շուրջ 2,5 հազար վիրավորի։ Կազանջյանը մնաց Եվրոպայում մինչև 1918 թվականը և արժանացավ «Wunder վիրաբույժ» մականվանը:

Ֆրանսիայի կառավարությունը Կազանջյանին շնորհեց Ֆրանսիայի կառավարության ռազմական պարգևների ասպետի շքանշան, իսկ Անգլիայի թագավոր Գեորդ Հինգերորդն անձամբ նրան պարգևատրեց Սուրբ Միքայելի շքանշանով:

1925 թվականից ի վեր Կազանջյանը սեփական դասընթացն էր դասավանդում Հարվարդում՝ միաժամանակ տարբեր նահանգների կլինիկաներում աշխատելով որպես այցելող բժիշկ: Կազանջյանն առաջին գիտնականն էր, որ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի գիտական աստիճան ստացավ Հարվարդի բժշկական դպրոցում: Նա նաև առաջինն էր Միացյալ Նահանգներում, որ գրքեր հրատարակեց պլաստիկ վիրաբուժության մասին:

Կազանջյանը 700-ից ավելի գիտական ​​աշխատությունների հեղինակ է: Նրա գրքերը դարձել են պլաստիկ վիրաբուժության ուսուցման դասականներ:

Վարազդատ Կազանջյանը մահացավ 1974 թվականի հոկտեմբերի 19-ին Բելմոնտում (Մասաչուսեթս, ԱՄՆ): Հիսուն տարի շարունակ նա հավաքեց վիրահատություններից հետո մնացած ոսկորների գիպսե պատճենները: Բոլոր հինգ հազար ցուցանմուշները պարբերաբար ցուցադրվում են Հարվարդի համալսարանի «Կազանջյանի դահլիճում»:

Շարունակելի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here