Հունահոռեմական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը ու մարզիչ Սամվել Գևորգյանը ամփոփեցին Նուրսուլթանում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հավաքականը նվաճեց մեկական արծաթե և բրոնզե մեդալ, ինչպես նաև ձեռք բերեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի 2 ուղեգիր՝ 77 կգ ու 97 կգ քաշային կարգերում: Այս մասին գրում է vnews.am-ը:
Սահակյանը հայտարարեց, որ թե՛ գոհ է մեր մարզիկների արդյունքներից, թե՛ դժգոհ: Մարզիչները ընդգծեցին, որ սա վերջին տարիների ուժեղագույն ԱԱ-ն, քանի որ մրցավայր էին ժամանել իրենց քաշային կարգերում լավագույնները:
Գևորգյանը շեշտեց, որ մեր մարզչական շտաբը անչափ դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից: Հայ մասնագետը առանձնացրեց Կարեն Ասլանյանի 1/8 եզրափակիչ գոտեմարտը, որտեղ հայ ըմբիշը հաղթողի դերում էր, սակայն վերջին վայրկյաններին մրցավարը անհասկանալի կերպով նկատողություն գրանցեց ու միավորներ շնորհեց եգիպտացի մարզիկին՝ Կարենին դուրս թողնելով պայքարից: Սամվել Գևորգյանը պատմեց, որ իրեն այնուհետև խոստացան, որ այդ մրցավարի նկատմամբ պատիժ կկիրառվի. «Սակայն դա ոչինչ չի տա մեզ: Ինչ եղավ, եղավ: Եթե չլիներ այդ սխալը, կարծում եմ, որ մենք 3 վարկանիշով կվերադառնայինք Ղազախստանից»:
Հայ մարզիչը նաև ուշադրության հրավիրեց կայացած վիճակահանությունը.
«Արթուր Ալեքսանյանը շատ լավ մարզավիճակով էր մոտեցել աշխարհի առաջնությանը: Նա անցկացրեց 5 գոտեմարտ ու կարող էր ևս 5-ը անցկացներ, եթե չլիներ վնասվածքը: Եթե նայեք վիճակահանությանը, կտեսնենք, որ նա հիմնականում հաղթել է իր քաշային կարգում իր հիմնական մրցակիցներին»:
Հայ մասնագետները հույս հայտնեցին, որ «Ճերմակ Արջը» կկարողանա վերականգնվել մինչև մյուս տարվա կարևորագույն մրցաշարերը ու լավ մարզավիճակով մասնակցել Օլիմպիական խաղերին: Այսօր հայ ըմբիշը պետք է բժշկական հետազոտություն անցնի: Բայց ենթադրելի է, որ նրանից 2-3 ամիս կպահանջվի լիարժեք մարզումներին վերադառնալու համար:
Էդուարդ Սահակյանը նշեց, որ մնացած հարցերի պատասխանը կտա այս տարվա դեկտեմբերին կայանալիք Հայաստանի առաջնությունը: