տուն Սպորտ Հայ հրաձիգներն այսօր հայրենիք կվերադառնան 5 մեդալով և 2 գավաթով

Հայ հրաձիգներն այսօր հայրենիք կվերադառնան 5 մեդալով և 2 գավաթով

198
0

g_imageՈւկրաինայի Վիննիցա քաղաքում հոկտեմբերի 16-20-ը տեղի է ունեցել Ուկրաինայի երիտասարդների հրաձգության առաջնությունն օդամղիչ ձևերից, որին մասնակցում էին 1993 թ.-ին ծնված և ավելի փոքր հրաձիգները: Ինչպես նաև նույն օրերին տեղի է ունեցել Ուկրաինայի գնդակային հրաձգության «Գրան պրիի» առաջնությունը: Այս մասին հայտնում է հրաձգության ֆեդերացիան` նշելով, որ միջազգային այդ մրցաշարերին մասնակցել են 5 պետության 300-ից ավելի մարզիկներ:

Ուկրաինայի 2 առաջնություններին մասնակցել է նաև հայ հրաձիգների 6 հոգանոց թիմը՝ ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: Նրանք լուրջ հաջողություններ են արձանագրել ոչ միայն երիտասարդների առաջնությունում, այլ նաև «Գրան պրիում»: Վերջինիս շնորհիվ երիտասարդների առաջնության ոսկե մեդալին Հրաչ Բաբայանն ավելացրել է ևս մեկը, նույնպիսին է արծաթե մեդալակիր Սուրեն Բերյանի ցուցանիշը, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանին չի հաջողվեց հետևել թիմակիցների օրինակին. նա վաստակել է միայն մեկ ոսկե մեդալ: Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և գավաթներով:

Հրաչ Բաբայանն 10 մ վարժությունում 600 հնարավորից խոցել էր ռեկորդային 599 միավոր, ինչի շնորհիվ ճանաչվել է Ուկրաինայի առաջնությունների տարվա լավագույն հրաձիգ և արժանացել գավաթի:

Գավաթի է արժանացել նաև Հայաստանի հրաձգության ազգային հավաքականը՝ թիմային հաշվարկում գրավելով 1-ին տեղը: Նրան հաջորդել են Բելառուսի և Մոլդովայի թիմերը:

10 մ վարժությունում Հրաչ Բաբայանը (ՄԿՍՎ) 599 միավորով դարձել է չեմպիոն և սահմանել Ուկրաինայի ռեկորդ, այն ռեկորդային արդյունք է նաև Հայաստանի համար: Հայ մարզիկն այս արդյունքով լուրջ հայտ է ներկայացրել փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունից պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակելու համար: Նույն վարժության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Բերյանը (ՍՎ)՝ խոցելով 591 միավոր: Նրա անձնական մարզիչն է Համլետ Նիկողոսյանը (ՎՄ): Օդամղիչ հրացան,10 մ վարժությանը մասնակցել է 62 հրաձիգ, որոնցից հիմնական փուլ են անցել լավագույնս հանդես եկած 30-ը:

Նույն վարժության աղջիկների պայքարին մասնակցում էր 58 հրաձիգ, որոնցից Սուսաննա Հովհաննիսյանը (ՍՎ) 386 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը: Հրաչի և Սուսաննայի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Վազող թիրախ նորմալ վազք 10 մ վարժության աղջիների պայքարում հաղթող է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը (ՍՎ): Նա 360 միավորով գրավել է 1-ին տեղը՝ հետևում թողնելով 9 մրցակցի: Նույն վարժության տղաների պայքարին մասնակցել է 23 մարզիկ, որոնցից Արթուր Պետրոսյանը (ՍՎ) 546 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Նրանց անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:

Օդամղիչ ատրճանակ 10 մ վարժությանը մասնակցել է 60 մարզիկ, որոնցից Զավեն Իգիթյանը (I կարգ) 565 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նրա անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը:

Հայաստանը ներկայացնող մարզիկները «Հրաձգության հանրապետական» և «Երևանի հրաձգության մանկապատանեկան» մարզադպրոցների սաներ են:

Այսպիսով` Հայաստանի հրաձգության ազգային հավաքականն այսօր հայրենիք կվերադառնա՝ իր հետ բերելով 5 մեդալ և 7 գավաթ:

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here