Բեյրութում և Լիբանանի այլ քաղաքներում հոկտեմբերի 17-ից շարունակվում են հակակառավարական ցույցերը։ Բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարեց հարկային նոր օրինագծերի մասին:
Լիբանանցիները բողոքում են երկրում տիրող տնտեսական ճգնաժամից և պահանջում քաղաքական ուժերի հրաժարականը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցերին մասնակցել է 1 մլն 700 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է համարվում 2005-ի «Մայրիների հեղափոխությունից» ի վեր:
Արդյոք բողոքի ակցիաներին հայ համայնքը մասնակցո՞ւմ է, արդյոք հայկական թաղամասերին մո՞տ են ընթանում ցույցերը. այս և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցեց բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցող բեյրութաբնակ մեր հայրենակցուհու հետ, որը մանրամասներ ներկայացրեց Բեյրութում տիրող իրավիճակից։
«Այստեղ հայի, շիայի, իսլամի կամ քրիստոնեության խնդիր չկա, այստեղ միայն լիբանանցու հարց կա։ Միայն հայը չէ, որ որպես համայնք մասնակցում է բողոքի ակցիաներին, ոչ մեկը որպես համայնք չի ներկայանում, բոլորը լիբանանյան դրոշակներ են, չկա, որ հայկական դրոշով կամ ինչ-որ կուսակցական դրոշով միանան ցույցին։ Հեղափոխության նպատակն այն է, որ միայն լիբանանցին լինի, որովհետև Լիբանանում ուղիղ 18 տարբեր կուսակցություններ կան, հիմա ժողովուրդը ոտքի է կանգնել ասելու, որ 18 տեսակ կուսակցությունները ստեղծվել են, որ ժողովրդին իրարից անջատեն։ Մենք՝ որպես լիբանանցիներ, այդ կուսակցությունները պետք է չեղյալ համարենք, և մենք այսօր միայն լիբանանցի ենք,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այսօր Լիբանանում 6 մլն ժողովուրդ է ապրում և միայն այդ 6 միլիոնի միացման դեպքում է հնարավոր հասնել «բաղձալի արդյունքի»։
Հարցին` իսկ համայնքի բոլոր շերտե՞րն են մասնակցում բողոքի ակցիաներին, պատասխանեց․ «Հարուստ լինի, թե աղքատ, նույնիսկ նրանք, որ հանգիստ ապրում են, բոլորն իջել են պաշպանելու աղքատի շահը։ Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին, որը մեր համայնքի ներկայացուցիչն է, հանդես եկավ հայտարարությամբ, որ ինքը կողմ է այս շարժմանը։ Նա ասաց, որ վաղուց պետք է լիներ շարժումը, որ փրկվի Լիբանանը։ Բայց նա խոսեց ոչ թե որպես հայ, այլ որպես լիբանանցի»։
Բազմիցս մամուլում գրվել է, որ բախումներ ևս եղել են բողոքի ակցիաների ժամանակ, մեր զրուցակիցը մանրամասնեց․ «Բախումներ եղան միայն առաջին օրը՝ հինգշաբթի գիշերը, երբ սկսվեց հանրահավաքը։ Իսկ ուրբաթ օրը գիշերը ուղղակի մոտոցիկլետներով որոշ մարդիկ էին մտել ցույցի մեջ և ակնհայտ էր, որ նրանց ուղարկել էին այն կուսակցականները, որոնց դեմ է ժողովուրդը, և նպատակն էր խառնել ժողովրդին»։
Իսկ արդյոք հայկական թաղամասերին մո՞տ են անցկացվում բողոքի ակցիաները, մեր զրուցակիցը պարզաբանեց․ «Հայություն ունենք Այնճար թաղամասում, թեև այնտեղ միայն հայեր չեն ապրում, բայց այնտեղի հայերն էլ միացան բողոքի ակցիաներին, Բուրջ Համուդի հայերը ևս միացան ակցիաներին՝ փակելով ճանապարհները»։