Իսպանիան այն երկրների ցանկում է, որտեղ կորոնավիրուսի հետևանքով տուժածների թիվը, մեղմ ասած, հուսալի չէ: Araratnews.am-ի բժիշկների հետ զրույցների շարքի հերթական հերոսը Իսպանիայում ապրող հայազգի բժիշկ Տիգրան Չալաբյանն է:
Տասներեք տարի է՝ ինչ բժիշկ Տիգրան Չալաբյանն ապրում է Իսպանիայում` Բարսելոնայից ոչ հեռու։ Նա աշխատում է Բլանես քաղաքի շրջանային հիվանդանոցի արտակարգ բուժօգնության բաժանմունքում, որը համարվում է նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունք. այնտեղ օգնում են ծանր հիվանդներին`ցուցաբերելով առաջին բուժօգնություն:
Իսպանիայում առաջին կորոնավիրուսով հիվանդը հայտնաբերվեց հունվարի 31-ին, և անմիջապես միջոցներ ձեռնարկվեցին պացիենտի մեկուսացման համար, սակայն հետո պարզ դարձավ, ինչպես Իսպանիայի, այնպես էլ ամբողջ աշխարհի համաճարակային ծառայությունները մեկ քայլ հետ են համաճարակից` չկարողնալով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել համավարակի դեմ:
«Մեր հիվանդանոցի, ինչպես նաև Կատալոնիայի ինքնավար մարզի գրեթե բոլոր հիվանդանոցների համար շատ մեծ շոկ էր այս քանակի հիվանդների հոսքը: Պետք է ասել, որ վարակված մարդու օրգանիզմն ինքն է սկսում պայքարել իր թոքերի դեմ, ինչն էլ դժվարացնում է դեղորայքի ստեղծումը: Այս պահին աշխատում ենք համեմատաբար հանգիստ պայմաններում, որովհետև պիկը, կարծում ենք, անցել ենք: Իսպանիան էլ է գտնվում արտակարգ դրության մեջ: Եվ այստեղ էլ մարդիկ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ են»,- պատմում է հայազգի բժիշկը:
Քաղաքը, որտեղ բնակվում է բժիշկ Տիգրան Չալաբյանը, Լոռեդ դե Մառն է` 45000 բնակչությամբ, համարվում է զբոսաշրջային կենտրոն. «Մեր քաղաքի հայ համայնքը այնքան էլ մեծ չէ: Թվով մոտ հիսուն ընտանիք է բնակվում: Բարեբախտաբար չենք ունեցել հայ համայնքի շրջանում մեծ քանակությամբ վարակվածներ: Կորոնավիրուսով ընդամենը երկու անձ է վարակվել: Երկուսն էլ անցել են կարանտինային փուլը և չեն ունեցել շնչառական ծանր ախտանիշներ, հիմա էլ իրենց շատ լավ են զգում:
Բարեբախտաբար, մեր ընտանիքն էլ, ինչպես այս քաղաքի 99 տոկոսը, գտնվում է տանը: Աշխատողներից միայն ես եմ, որ կարողանում եմ դուրս գալ և գնալ աշխատանքի: Մենք էլ չենք ունեցել ախտանիշներ, չնայած որ իմ աշխատանքի հետ կապված պետք է, որ լիներ: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենը բավականին ծանր է անդրադառնում հատկապես երեխաների հոգեբանության վրա: Այստեղ ապրիլի 27-ից երեխաներին կթույլատրվի երկու ժամով ծնողների հետ դուրս գալ փողոց`հստակ ժամանակացույցով, ըստ տարիքային խմբերի»:
Իսպանիայում ապրող և տեղաբնակներին օգնություն ցույց տվող հայազգի բժիշկն այս պահին համաճարակին հաղթելու ելքը տեսնում է կանոնների պահպանման, ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության պահպանման մեջ.
«Այս պահին բոլորին հետաքրքրում է, թե երբ ենք գտնելու վիրուսիդեմ դեղամիջոցը: Սակայն դեռևս շուտ է ասել, որովհետև պատվաստանյութ չենք ունենա մինչև 21 թվականը:
Առայժմ միակ միջոցը մեկուսացումն է, որը բավականաչափ օգնեց բժիշկներին: Երկրորդը` հիգիենայի տարրական կանոնների պահպանումը: Շատ են նաև վիրուսի ծագման մասին կարծիքները: Մի մասը կարծում է, թե վիրուսը եղել է վաղուց, մյուս մասը՝ թե սա արհեստական ստեղծված վիրուս է:
Մեծ է նաև մարդկանց վախը: Թե՛ լրատվամիջոցներից եկող տեղեկատվությունը, թե՛ հիվանդանոցներում տիրող վիճակը չեն թողնում մարդկանց հավասարակշռված գնահատել իրավիճակը: Խոսքը վերաբերում է նաև կառավարություններին, քանի որ վիրուսը ուսումնասիրված չէ`ծագումը, փոխանցման ճշգրտությունը և այլն»:
Բժիշկ Տիգրան Չալաբյանը կարևորում է հիգիենիկ դիմակների և վիրուսից պաշտպանության մյուս միջոցների օգտագործումը։ Դրանք զսպում են համաճարակի տարածումը: Բժիշկը ինչպես Իսպանիայում, այնպես էլ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին վստահեցնում է, որ անպայման կգտնեն վիրուսի դեմ պայքարելու և հաղթելու միջոցը` հնարավոր ամենակարճ ժամկետներում:
Հայկ Մագոյան