«Հայ կանանց ճակատ» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կոչ է անում և պահանջում դադարեցնել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ մեկնարկած հետապնդումները, որոնց համար առիթ է հանդիսացել Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին ուղղած նրա հարցը։ Մենք դատապարտելի ենք համարում առանձին պատգամավորների և իշխանական բուրգի սպասարկուների կողմից Զարուհի Փոստանջյան քաղաքական և քաղաքացիական գործչի նկատմամբ հնչեցրած անվայել, պարկեշտության սահմանն անցնող և մեր հասարակությունը պառակտող հայտարարությունները, որոնք ակտիվորեն տարածվում են մամուլով և համացանցով: Մենք՝ կանայք, կարծում ենք, որ Շմայս կոչված պատգամավորի անվայել ու ստոր արտահայտությունները առավել մեծ վտանգ են պարունակում, քան այն, ինչ հարցի ձևով հնչեցրել է Զարուհի Փոստանջյանը: Անկախ մեր դավանած քաղաքական հայացքներից, անկախ պատգամավորի հանդեպ ունեցած մեր անձնական համակրանքից կամ հակակրանքից, անկախ նրանից, թե որքանով է մեզ բավարարել կամ անախորժություն պատճառել նրա հայտարարությունը՝ մենք դատապարտելի ենք համարում խոսքի ազատության դեմ ուղղված ցանկացած դրսևորում և հատկապես կանանց իրավունքների դեմ քարոզվող բռնությունը։ Օդանավակայանում պատգամավորին փտած ձվերով և լոլիկներով դիմավորելու բոլոր կոչերը՝ հնչեցված ՀՀԿ երիտասարդական թևի և առանձին քաղաքացիների կողմից, բռնության կոչեր են, որոնք դատապարտելի են ՀՀ օրենքով։ Ուստի իրավապահ մարմիններին հորդորում ենք ընդունել դրանք ի գիտություն և ամեն ինչ անել պատգամավորի անվտանգությունը օդանավակայանում ապահովելու համար։