տուն Աշխարհ Հայ կանայք, որոնք իրենց գործունեությամբ աչքի ընկան անցյալ տարի (լուսանկարներ)

Հայ կանայք, որոնք իրենց գործունեությամբ աչքի ընկան անցյալ տարի (լուսանկարներ)

566
0

Աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերը ոչ միայն արարում և ստեղծագործում են՝ հասնելով մեծ հաջողությունների, այլև, հաճախ իրենց երկրներում բարձր պաշտոններ զբաղեցնելով, չեն մոռանում իրենց հայկական արմատները:

«Ռուսարմինֆո» կայքը ներկայացրել է այն հայ կանանց և աղջիկների ցանկը, ովքեր իրենց գործունեությամբ աչքի են ընկել անցյալ տարվա ընթացքում:

Երևանից 23-ամյա Արմինե Հարությունյանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մոդելի կարգավիճակում 2019 թվականին Միլանում հանդես եկավ «Gucci»-ի «Գարուն-ամառ 2020»  ցուցադրության շոուի շրջանակներում:

Արմինեն պատահականորեն հայտնվեց նորաձևության համաշխարհային բեմում: Նա քայլում էր Բեռլինի փողոցներից մեկով այն ժամանակ, երբ նորաձևության տան ներկայացուցիչները մոտեցան նրան և առաջարկեցին բեմ բարձրանալ ցուցադրության ժամանակ: Ցուցադրությունից հետո աղջիկը գտնվում էր հայկական ԶԼՄ-ների և հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր հաջողության, այլև ինքնատիպ տեսքի համար:

Իր հարցազրույցներից մեկում Արմինեն խոստովանել է, որ երբ պատրաստվում էր գնալ Gucci-ի շոուին, ոճաբանները ոչինչ չէին փորձում փոխել իր արտաքին տեսքի մեջ:

Դիզայներ և նկարիչ Արմինե Հարությունյանը համարվում է հայաստանցի առաջին մոդելը, որ որպես մոդել հանդես է եկել համաշխարհային նորաձևության ցուցադրության շոուի շրջանակներում:

2019 թվականի ապրիլին Institut Choiseul (Choiselle Institute) ֆրանսիական անկախ վերլուծական կենտրոնն առաջին անգամ կազմեց ռուսաստանցի մինչև 40 տարեկան 100 երիտասարդ տնտեսական առաջնորդների ցուցակը:

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ՝ 29-ամյա Տաթևիկ Կարապետյանը «Institut Choiseul» վարկանիշային ցուցակում միակ հայն էր: Այս առիթով նրան հրավիրել են Փարիզ, որտեղ Կարապետյանը հանդիպել է Սենատի նախագահի և Ֆրանսիայի արտգործնախարարի հետ:

2019 թվականի օգոստոսին Forbes ամսագրին տված հարցազրույցում Տաթևիկ Կարապետյանը խոսել է իր մասին. հայկական դաստիարակության, ընտանեկան հարաբերությունների և կարիերայի նվաճումների մասին:

2019 թվականի հունիսին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող 7-ամյա հայուհի Անջելինա Մկրտչյանը Թուրքիայում անցկացված գեղեցկության, նորաձևության ու տաղանդի «Մինի միսս Տիեզերք 2019» փառատոնի հաղթող ճանաչվեց։

Փոքրիկ հայուհին ժյուրիի անդամների առաջ, որոնց կազմում հայտնի դիզայներներ, արվեստագետներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ են ընդգրկված եղել, երեկոյան զգեստով, ազգային և սպորտային հագուստներով է ներկայացել:

Մրցույթը տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ Պիեռ Կարդենի հովանու ներքո, որը այլ թեկնածուների միջից նկատել է փոքրիկ հայուհուն և Փարիզ հրավիրել:

Լիլիթ Ավագյան-Բուշը, ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կինը, որը բնակվում է ԱՄՆ-ում, հաճախ իր երեխաների հետ տեսանյութեր է հրապարակում Instagram-ում:

Այսպես, տեսանյութերից մեկում Լիլիթը և նրա ամուսինը անգլերենով քննարկում են ուղևորությունը, իսկ երեխաները պարբերաբար միջամտում են նրանց՝ տարբեր խնդրանքներ բղավելով:

Որպեսզի «հանգստացնի» ավագ երեխային, Ավագյանը հայերեն դիմել է նրան. «Մի հատ կսպասես, մի վայրկյան»,- ասել է Լիլիթը:

Մեկ այլ տեսանյութում Լիլիթը որդուն հայերենով սովորեցնում է ծաղիկների անունները:

2019 թվականի աշնանը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ունեցավ երրորդ երեխային և նրան անվանեց Մարո՝ ի պատիվ իր ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի տատի:

Հետևելով հայկական ավանդույթին՝ Սիմոնյանը երեխայի ծնվելուց հետո քառասուն օրվա ընթացքում նորածնին չի ներկայացրել հանրությանը: Այնուամենայնիվ, նա դեռ թաքցնում է իր երեխաների դեմքերը`Մարիանայի, Բագրատի և Մարոյի, որոնցից ավագն արդեն հինգ լեզվի է տիրապետում, այդ թվում`հայերենի:

Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, որը Հայաստանում էր WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին մասնակցելու համար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտվեց իր երեխաների, ավագ քրոջ՝ Քորթնիի և նրա երեխաների հետ միասին:

«Շնորհակալություն Հայաստան՝ այսպիսի անմոռանալի այցելության համար: Ես այնքան երջանիկ եմ, որ իմ երեխաների հետ կնքվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի Մայր տաճարը, որը երբեմն անվանում են Հայ Առաքելական եկեղեցու Վատիկան: Եկեղեցին կառուցվել է 303 թվականին»,- գրել էր Քարդաշյանը Instagram-ի իր էջում:

2019-ին Քիմ Քարդաշյանը նաև ակտիվորեն լոբբինգ էր անում Միացյալ Նահանգներում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Մասնավորապես, նրա ջանքերի շնորհիվ, Կոնգրեսի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը: