տուն Լուրեր Հայ ժողովուրդը «Մայդանի» ընդունակ է. ընդդեմ կուտակային կենսաթոշակների շարժումը հետեւողական է լինելու

Հայ ժողովուրդը «Մայդանի» ընդունակ է. ընդդեմ կուտակային կենսաթոշակների շարժումը հետեւողական է լինելու

109
0

cuyc_kensatoshak

Այս նախաձեռնությունը համահունչ է այն աբսուրդ որոշմանը, որն ընդունվեց որպես լրացուցիչ հարկ բոլոր քաղքացիների վրա: Այսօր այս մասին լրագրողների հանդիպմանը ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա կարծում է, որ հունվարի 18-ին կայանալիք «Ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի» քաղաքացիական նախաձեռնության հանարահավաքը, որին միանում են 4 ոչ իշխանական քաղաքական ուժեր, կարեւոր իրադարձություն է եւ շրջափուլ:

«Իսկ հարցականները մնում են միայն կապված ոչ կոալիցիոն ուժերի մասնակցության հետ: Դժվար է ասել՝ ինչու են նրանք մասնակցում, ինչն էր նրանց խանգարում մինչ այդ ակտիվություն ցուցաբերելու քաղաքացիական շարժումներում»,- ասում է Մեհրաբյանը:

Ըստ նրաˋ մարդիկ ապաթիայի եւ անտարբերության, անտեղյակության բերումով դեռ չգիտեն ինչի հետ գործ ունեն, բայց ժամանակի ընթացքում ամեն մեկը իր մաշկի վրա դա կզգա:

«Առանց քաղաքացիների կամքը հարցնելու, ով է ձեզ տվել այդ լիազորությունը՝ մարդկանց վրա լրացուցիչ հարկ դնելու, դուք դեռ դրա իրավունքը չունենք»,- հավելում է Մեհրաբյանըˋ խոսքը ուղղելով կառավարությանը:

Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը նշում է, որ ի սկզբանե աղմուկը բարձրացավ, երբ քաղաքացիները միավորվեցին, ստեղծվեց հստակ շարժում՝ պայքարելու օրենքի՝ մասնավորապես «պարտադիր» բաղադրիչի դեմ:

«Այս պարագայում ես շատ եմ կարեւորում քաղաքական ուժերի միավորումը հարցի շուրջը, քանի որ այս խնդիրը ե´ւ տնտեսական, ե´ւ իրավական կողմ ունի: Սահամանադրական դատարան դիմել են հենց պատագամավորները եւ շատ կարեւոր է հենց իրենց մասնակցությունը եւ հետեւողականությունը: Մենք հետեւելու ենք ողջ գործընթացին, որպեսզի քաղաքական ուժերը անեն հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը կասեցնի եւ հակասահմանադրական ճանաչի այս օրենքը»,- ասում է Խաժակյանը:

Նա հավելում է, որ հունվարի 18-ին կայանալիք հանարահավքը կազմակերպել են քաղաքացիական նախաձեռնության անդամները, իսկ քաղաքական 4 խմբակցություններն ավելացնում են խնդիրին այն «աղը», որը կօգնի շարժումը տանել այնպիսի ատյաններում, ինչիպիսին է Սահմանադրական դատարանը:

«Կա միավորում հարցի շուրջ: Դա է կարեւորը, որը չի ճանաչում կուսակցական գաղափարախոսություն: Այստեղ կուսակցությունների միավորում կա եւ սա աննախադեպ է: Մենք պատրաստ ենք համագործակցել այն քաղաքական ուժի հետ, ով դեմ է այս օրենքին եւ հետեւողական է լինելու քաղաքացիների բարձրացրած հարցի լուծմանը»,- հավելում է Խաժակյանը:

Ռուբեն Մեհրաբյանը հավելում է, որ գարնանը հնարավոր է  ականատես լինել քաղաքացիական զարթոնքի:

«Ես կարծում եմ, որ ոչ հունվարի 18-ին, բայց գարնանը հայ ժողովուրդը «Մայդանի» ընդունակ է»,- եզրափակում է Մեհրաբյանը:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here