Հայոց ցեղասպանությունն իրականացրած գործիչներից ամենադաժանը՝ Սալիհ Զեքին (Կուշարկով), տասնամյակներ շարունակ պատմագիտության մեջ մնացել է ստվերում: «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր (ՌԴ և ՀՀ), պրոֆեսոր (ԵՊՀ) Արսեն Ավագյանի հետ, որն ուսումնասիրելով Օսմանյան կայսրության, ռուսական և վրացական արխիվները, բացահայտել է հրեշ Զեքիի առեղծվածը:
«Սալիհ Զեքին ծնվել է 1883թ., Սամսուն քաղաքում ազգությամբ չերքեզ էր: Նրա հայրը Օսմանյան կայսրություն ներգաղթել էր 1864թ. չերքեզների մեծ գաղթի ժամանակ, Հյուսիսային Կովկասի Կուբանի շրջանից: Հայկական աղբյուրներում, եթե նայում ենք, բոլոր հուշերում՝ կապված ցեղասպանության հետ կամ ընդհանրապես այդ շրջանի իրադարձությունները լուսաբանելիս, Սալիհ Զեքի անունը առկա է՝ որպես «Հրեշ Զեքի», որը նախ 1915թ. Էվերեկում էր պաշտոնավարում, հետո Դեր Զորի նահանգապետն էր, որտեղ գտնվում էր ամենամեծ համակենտրոնացման ճամբարը, և կազմակերպել էր տարբեր տվյալներով մոտ 200 հազար հայերի ոչնչացումը: Սալիհ Զեքիի հետ կապված խնդիրն ինչումն է, եթե նայում ենք աղբյուրները, այնպիսի տպավորություն է, որ նա 1915թ. հայտնվեց, 1916թ. իր ամենասև գործունեությունը ծավալեց, և անհետացավ: Այսինքն՝ շատ քիչ տեղեկություններ կան նրա անցյալ կյանքի և ապագայի մասին»,- ասաց Ավագյանը:
Արսեն Ավագյանը Սալիհ Զեքիի վերաբերյալ տեղեկությունները գտել է Օսմանյան կայսրության, ռուսական և վրացական աղբյուրներում, սակայն օսմանյան արխիվներում առկա են այն ժամանակ պաշտոնավարած նույն անվամբ մոտ 210 պաշտոնյա, ինչը խճճում է հետազոտողներին:
«Քանի որ ես երկու անգամ պաշտոնավարել եմ 2001-2005թթ., և 2015-2019թթ., որպես Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, և քանի որ իմ մենագրություններն ու գիտական հոդվածները Թուրքիայում հրատարակվել են թուրքերեն, այսինքն՝ բավական ճանաչում ունեմ, ինձ թույլ տվեցին օգտվել օսմանյան արխիվից: 6 տարի ես օսմանյան արխիվում ուսումնասիրություն եմ արել, բազմաթիվ տարաբնույթ արխիվային փաստաթղթեր եմ հավաքել: Բացի դրանից, Սալիհ Զեքիի վերաբերյալ շատ կարևոր նյութեր կան ռուսական արխիվներում: Մի քանի նյութ գտել եմ վրացական արխիվներից, քանի որ Սալիհ Զեքին 1925-1933թթ. ապրել է Թիֆլիսում: Ադրբեջանի արխիվից թուրք պատմաբան ընկերներս օգնեցին, որոշ նյութեր բերեցին: Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման գործում Սալիհ Զեքին կարևոր դերակատարություն է ունեցել, և դա հաստատվում է արխիվային փաստաթղթերով: Հետաքրքրական է նաև, որ նա եղել է ադրբեջաներենի լատինատառ այբուբենի մշակման հանձնաժողովի նախագահի տեղակալ, ինչպես նաև ադրբեջաներեն «Dai Yildiz» ամսագրի և «Yeni Fikir» թերթի գլխավոր խմբագիր»,- նշեց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում