Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Սերոբ Սահակյանը հերքում է Jewish Press-ում հրապարակված «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանը նշել է, որ այդ տեղեկություններն ամբողջովին չափազանցված են:
«Թուրքերի ներթափանցում մեր տներ, մեր համայնք կամ մեր կալվածքներ չկա: Վերջին շրջանում նկատվում է միայն թուրք զբոսաշրջիկների թվի ավելացում: Այսօր հնարավոր է, որ միաժամանակ մի քանի հազար թուրք զբոսաշրջիկ անցնի մեր կալվածքներով»,- ասաց Սահակյանը:
Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը նշեց, որ թուրքական ներթափանցում կա իսլամական թաղամասերում և Երուսաղեմից դուրս այլ քաղաքներում: «Վերջին շրջանում նկատվում են բարեգործական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են թուրքական գործակալությունների կողմից: Սա բավական վտանգավոր երևույթ է Իսրայելի համար, սակայն հայկական համայնքի համար որևէ վտանգ չկա: Հերքում ենք հոդվածում նշված տեղեկությունները»,- նշեց նա:
Փետրվարի 14-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը պարզաբանում էր ներկայացրել հոդվածի վերաբերյալ:
«Փետրվարի 13-ին Jewish Press-ում լույս է տեսել Բարուխ Հեդիդի “Turkey Working to Take Over Armenian Quarter in Jerusalem’s Old City” հոդվածը, որտեղ հեղինակը նախ անդրադառնում է Էլիա Գահուէճեանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանը փակելու թուրքական փորձին:
Նշեվում է, որ Էլիա Գահուէճեանն ունի լուսանկարչական ստուդիա, որտեղ նա զբաղվում է իր պապի և հոր կողմից արված նկարների վաճառքով և այն Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան չէ: Ստուդիան Երուսաղեմի Հին քաղաքի Քրիստոնեական թաղամասում է և այն պատկանում է Երուսաղեմի Հունաց պատրիարքությանը»,- գրել է դիվանապետը:
Անդրադառնալով հոդվածում այն դիտարկմանը, որ թուրքերը լռության դիմաց հայերին 3000 դոլարանոց դրամաշնորհներ են առաջարկում, Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշել է, որ Երուսաղեմի հայերին հնարավոր չէ գայթակղել 3000 դոլարով
«Երուսաղեմի գրեթե բոլոր հայերը սոցիալապես ապահով են, իսկ նրանք, որոնք սոցիալապես անապահով վիճակում են, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նրանց ապահովել է բնակարանով, աշխատանքով և կերակուրով, հետևաբար, սաղիմահայերին հնարավոր չէ գայթակղեցնել 3000 դոլարով»,- նշել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Jewish Press ում հրապարակված հոդվածում նշվել է, որ ամիսներ առաջ հայկական թաղամասի
բնակիչները ցնցված են եղել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մուսուլմանի, իսկ հետաքննությանարդյունքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետն իր պարզաբանման մեջ հայտնել է, որ վերջերս Երուսաղեմի Հայկական թաղամասում բնակարան չի վաճառվել:
Նորայր Շողիկյան