տուն Հասարակություն Հայ բեմի նահապետը. այսօր Սոս Սարգսյանի տարեդարձն է

Հայ բեմի նահապետը. այսօր Սոս Սարգսյանի տարեդարձն է

1145
0

Այսօր թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է. մեծանուն վարպետը կդառնար 90 տարեկան:

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականին Ստեփանավան քաղաքում։ 1948-ին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։
1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991-ին նա եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության կուսակցությունից։ 1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009-ին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառական արտիստի (Վ. Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլ Լոմոնոսով») դերերը։
Սոս Սարգսյանը՝ իր ուսանողուհի՝ Վանաձորի դրամատիակական թատրոնի դերասանուհի Քրիստինե Ալիխանյանի հետ
Սոս Սարգսյանը իր ուսանողների հետ՝ 2003-2007 թթ.
Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին, թոքերի բորբոքումիցԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին, Երևանի Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը:

Սոս Սարգսյանի խոհերից

* «Արվեստը ճաշակ է, ճաշակ: Կա ճաշակ՝ արվեստ կա»:

* «Լացկան եմ. ամեն չնչին բանից վիրավորվում, լացում եմ. առանց պատճառի էլ եմ լացում…»:

* Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս:

* Պետք է միշտ լսել հոգու կանչը` ինչը թելադրում, ուզում է…

* Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին…

* Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:

* Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգն ո՞վ է կախելու…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here