տուն Հասարակություն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

174
0

Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է վաղ առավոտյան կատարված Ապաշխարողաց կարգին: Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: 

Այնուհետ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգը: Այս առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս էր բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը։

Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծնկի գալով, լվացել և յուղով օծել Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի և Բարեշնորհ Արամայիս սարկավագ Սողբաթյանի ոտքերը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը սրբի մասունքով օրհնել է հայրենի երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին՝ հայցելով Հայոց Եկեղեցու մեծ աղոթողի բարեխոսությունը համավարակի այս ծանր իրավիճակի դիմագրավման համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: