ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից Բաքվում կազմակերպված «Ռոուզ Ռոութ» ամենամյա սեմինարին, որը նվիրված է Հարավային Կովկասին, մասնակցում են նաև հայ պատվիրակներ: Ադրբեջանի մայրաքաղաք են մեկնել պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Թևան Պողոսյանը, ինչպես նաև փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը:
Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, հայ պատգամավորների ելույթներն արժանացել են ադրբեջանցի խորհրդարանականների բուռն արձագանքներին: Նրանց հատկապես դուր չի եկել Պողոսյանի և Նահապետյանի այն պնդումները, որ Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտության լիիրավ կողմ է և պետք է բանակցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար:
Հատկապես ակտիվ են եղել Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավորներ Սիյավուշ Նովրուզովը և Զահիդ Օրուջան, ովքեր անդադար խոսել են հայերի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի, Ղրաբաղը` ադրբեջանական «պապենական» հող լինելու մասին» և այլն: