Դեկտեմբերի 2-ինˋ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը Երևանում ոստիկանությունը կասեցրեց քաղաքական ուժերի ու քաղաքացիների համատեղ բողոքի երթը և բերման ենթարկեց 110 քաղաքացու: Ըստ ոստիկանության հիմնավորման, քաղաքացիները չէին կատարել ոստիկանության օրինական պահանջը:
Շուրջ 60 ակտիվիստներ ոստիկանությունից նամակներով ստացել են հայցադիմումներ, որոնցում ոստիկանությունը դատարանին խնդրում է տուգանել բերման ենթարկվածներին 50 հազար դրամով` ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար:
Հայցադիմումներում ակտիվիստներին, ընդհանուր առմամբ, մեղսագրվում է ոստիկանության օրինական պահանջները չկատարելը, այն է` փողոցների երթևեկելի մաս դուրս գալը, աղմկելը, տեղից չհեռանալը:
ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ ոստիկանությունից փորձեցին ստանալ դեկտեմբերի 2-ին կատարված տեսագրությունները, սակայն ոստիկանությունից հայտնեցին, որ այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները ոչնչացված են:
Հասկանալի է, որ եթե այդ տեսանյութերում լիներ որևէ ակտիվիստի կողմից կատարված որևէ խախտում, բնականաբար այդ տեսանյութը չէր ոչնչացվի: Այստեղ ակնհայտ է, որ ոստիկանությունը այդ տեսագրությունները ոչնչացրել է սեփական խախտումները կոծկելու համար:
Այս գործերով արդեն 5-րդ դեպքն է, որ ոստիկանության ներկայացուցիչները դատարանում հայտարարեցին հայցադիմումը հետ վերցնելու մասին: Ակնկալվում է, որ մյուս 55 գործերով ևս հայցերը հետ կվերցնեն, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ոստիկանության Շահումյանի բաժնում հայտնված շուրջ 20 ակտիվիստների վերաբերյալ որևէ հայցադիմում չէր ուղարկվել, ապա ստացվում է, որ ոստիկանությունը գիտակցելով իր թույլ դիրքերը, ինչպես նաև հնարավոր փաստերի իր դեմ օգտագործվելու ռիսկը, նահանջել է: