Յուրմալայում կայանալիք «Նոր ալիք 2014» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի «Հայսուպերսթար-5»-ի հաղթող Սոնա Ռուբենյանը: Մրցույթից առաջ Araratnews.am-ը զրուցել է երգչուհու հետ` փորձելով պարզել` ինչ ապրումներ ունի և ի՞նչ է իրեն պետք` փայլուն ելույթ ունենալու համար:
— Շուտով կայանալիք «Նոր ալիք 2014» միջազգային երգի մրցույթին ներկայացնելու եք Հայաստանը, ինչպե՞ս կգնահատեք Ձեր հնարավորությունները:
-Իմ հնարավորությունները ինքս գնահատել չեմ կարող, բայց եթե անցել եմ նախընտրական փուլ, կարծում եմ` արժանի եմ մրցելու մյուս մասնակիցների հետ:
— Ամենից շատ ի՞նչն է Ձեզ հուզում և անհանգստացնում մրցույթից առաջ:
-Հուզող և անհանգստացնող հանգամանքներ չկան, ընդհակառակը, արված է ամեն ինչ, որ հանգիստ պատրաստվեմ մրցույթին:
— Ի՞նչ է պետք Ձեզ փայլուն, ինքնավստահ ու համարձակ ներկայանալու համար:
-Լավ ներկայանալու համար ինձ պետք կլինի իմ հայրենակիցների օգնությունը, դրական էներգիան, որը վստահ եմ` այնտեղ ինձ կհասնի: Անհրաժեշտ է նաև հանգիստ ու առանց հուզմունքի ներկայանալ:
— Եթե այնպես ստացվի, որ մրցույթից հետո առաջարկներ լինեն դրսում ապրելու և ստեղծագործելու, կգնա՞ք Հայաստանից:
-Հայրենիքս կլքեմ միայն ժամանակավոր և աշխատանքի բերումով. դրսում ուղղակի չեմ կարող ապրել:
Շողիկ Գալստյան