Փաստորեն, ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետի համաճարակի իրական պատճառը ոչ թե հենց էլեկտրոնային սիգարետն է, այլ սև շուկայում շրջանառվող THC նյութը՝ մարիխուանայի ակտիվ բաղադրիչը։ Ռուսական medportal.ru կայքն անդրադարձել է ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետի հետևանքով առաջացող տարօրինակ հիվանդությանն ու վերջին ամիսների մահացության դեպքերին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) պաշտոնյաները հայտարարություն են տարածել, որտեղ ներկայացրել են հստակեցված տեղեկատվություն էլեկտրոնային սիգարետի ու վեյփերի հետ կապված (EVALI) թոքերի առեղծվածային ախտահարման հիմնական պատճառը: Պարզվում է՝ կենտրոնի գիտնականները բոլոր հիվանդներին մանրամասն հետազոտելու նպատակով նրանց թոքերից հեղուկի ձևանմուշ էին վերցրել, և այդ հեղուկի մեջ հայտնաբերվել է վիտամին E ացետատ։ Սա վիտամինի յուղոտ սինթետիկ նմանակ է, որը հաճախ ավելացնում են սև շուկայում շրջանառվող տետրահիդրոկանաբինոլ պարունակող արտադրանքի մեջ (հեղինակի մեջբերում․ տետրահիդրոկանաբինոլը՝ THC, մարիխուանայի ակտիվ բաղադրիչն է)։ Այսինքն, էլեկտրոնային սիգարետի միջոցով ոչ թե նիկոտին պարունակող հեղուկ են օգտագործել, այլ մարիխուանա։
Արդեն երկար ժամանակ է, որ գիտնականները վեյփինգի արդյունքում առաջացող թոքային հիվանդությունների պատճառ էին համարում սինթետիկ վիտամին E-ն։ Նախկինում էլ հայտնի էր, որ այս նյութի ներշնչումը հանդիսանում է թոքաբորբի առաջացման պատճառներից մեկը։
«Ուսումնասիրության արդյունքում ուղիղ ապացույց ունենք․ թոքերի առաջնային ախտահարման տարածքում վիտամին E ացետատ է հայտնաբերվել», – ասուլիսում նշել է Ան Շուհաթը, CDC-ի տնօրենի առաջին տեղակալը: Ըստ Շուհաթի, այս արդյունքները բեկումնային են հիվանդության պատճառների ուսումնասիրության գործում:
Լաբորատոր հետազոտության արդյունքները վկայում են նաև, որ թոքերի ախտահարման դեպքերի մեծամասնությունը պայմանավորված է մարիխուանայի ակտիվ բաղադրիչի (THC) օգտագործմամբ: Այն նյութը հայտնաբերվել է թոքերի հեղուկի նմուշների 82%-ում։
Հետաքրքիրն այն է, որ THC- ն հայտնաբերվել է նաև այն երեք հիվանդի թոքերում, ովքեր պնդում էին, որ մարիխուանա չեն օգտագործում, ինչը հաստատում է այն վարկածը, որ թոքերի ախտահարումների չնչին դեպքեր միայն կարող են կապված լինել նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործման հետ: Միևնույն ժամանակ, ամերիկյան CDC- ն դեռևս չի բացառում, որ վեյփերը կարող են որոշակի դեր խաղալ հիվանդության զարգացման մեջ: Կասկած կա, որ վիտամին E ացետատը միակ նյութը չէ, որ պատասխանատու է նոր հիվանդության առաջացման համար: Առնվազն հայտնի է, որ մի քանի բժիշկ հիվանդների մոտ չի հայտնաբերել THC բաղադրիչով պայմանավորված թոքաբորբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի դրությամբ 2051 մարդու մոտ ախտորոշվել է էլեկտրոնային սիգարետի կամ վեյփի օգտագործմամբ պայմանավորված թոքային հիվանդություն։ Հիվանդներից 39-ը մահացել են։
Հաշվի առնելով, որ տարբեր երկրներում՝ ներառյալ Միացյալ Թագավորությունը, տասնյակ տարիներ է, ինչ էլեկտրոնային սիգարետ են օգտագործում ու համաճարակային նման դեպքեր երբևէ չեն արձանագրվել, ԱՄՆ-ում կարգավորման կիզակետում պետք է հայտնվի միմիայն արտորագրված արտադրանքի թույլատրումն ու սև շուկայի դեմ պայքարը։ Էլեկտրոնային սիգարետը նախատեսված է այլընտրանքային եղանակով նիկոտինի սպառման, և ոչ մարիխուանայի օգտագործման համար։ Հետևաբար, պետք է հստակ կանոնակարգ մշակվի, որպեսզի արտադրանքն օգտագործվի ինչպես հարկն է՝ ապագայում նոր համաճարակի առաջացումը կանխելու նպատակով։