Իսպանիայում հայտնաբերվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի «Ծովահեն» օպերայից մի հատված, հաղորդում է AFP գործակալությունը: Ձեռագիրը գտել են Իսպանիայի Ազգային գրադարանի աշխատակիցները. գրում է civilnet.am կայքը:
Հատվածը հայտնաբերվել է 19-րդ դարի Մալթայի և Սիցիլիայի բնապատկերներով լուսանկարների ալբոմում:
Մասնագետները գտածոյի ինքնությունը հաստատել են լուսանցքներում «Վինչենցո Բելլինիի և նրա եղբայրներ Մարիոյի ու Կարմելոյի ձեռագիր» մակագրության միջոցով: Հենց այսպես էր հայտնի կոմպոզիտորը հաճախ ստորագրում իր ձեռագրերը, ասված է իսպանական գրադարանի հայտարարության մեջ: Բելլինիի անձնական ստորագրության առկայությունը ձեռագրերի վրա մեծապես գնահատվում է հավաքորդների շրջանում:
Հաղորդվում է նաև, որ ձեռագրում պարտիտուրան փոքր-ինչ տարբերվում է օպերայից՝ այն հնչողությամբ, որով այն հայտնի է այսօր:
«Ծովահեն» օպերան, որը գրվել է Չարլզ Մեթյուրինի ռոմանտիկ ողբերգության հիման վրա, առաջին անգամ բեմադրվել է «Լա Սկալա» թատրոնում 1827թ.: Երաժշտագետները կարծում են, որ հենց «Ծովահենում» է արտահայտվել Բելլինիի հեղինակային ոճը:
Իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին հայտնի է «բելկանտո» («հրաշալի երգեցողություն») ոճի իր աշխատանքներով (1801-1835թթ.): Կոմպոզիտորը ստեղծել է 11 օպերա: