տուն Հասարակություն Հայտնաբերվել են մի շարք թերություններ. ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզի ԱԳԼՃԿ-ներում

Հայտնաբերվել են մի շարք թերություններ. ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզի ԱԳԼՃԿ-ներում

318
0

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով 2019 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները, ըստ անհրաժեշտության, ստուգումներ են իրականացրել Արմավիրի մարզի տարածքում շահագործվող հինգ ԱԳԼՃԿ-ում և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մասնաճյուղում:

Ինչպես հայտնում են ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ 9 արձանագրություն:

Հայտնաբերվել է, որ ստուգված ԱԳԼՃԿ-ները չեն անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն և նրանց կողմից չի ներկայացվել շահագործման դրական եզրակացությունը։ ԱԳԼՃԿ-ներում առկա են եղել էլեկտրասարքավորումների շահագործման համար անսարք վարդակներ։ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մասնաճյուղում իրականացված ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ գործարանում մոնտաժված չեն հակահրդեհային ջրամատակարարման ցանցը, վարչական շենքներն ու շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշման ինքնաշխատ համակարգերով, հնեցման մասնաշենքը սարքավորված չէ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով։ Գործարանում շահագործվող 11 միավոր ԱՎՕ-ները չեն անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն և չունեն շահագորման դրական եզրակացություն։

ԱԳԼՃԿ-ների սեփականատերերին և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մասնաճյուղի տնօրինությանը տրվել են հրդեհային անվտանգության նորմերի կատարման պահպանման վերաբերյալ կարգադրագրեր և բարելավման ցուցումներ՝ հայտնաբերված թերությունները ողջամիտ ժամկետներում շտկելու և վերացնելու ուղղությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here