Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը:
Թեմայի առանցքում` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները՝ արտակարգ իրավիճակի պայմաններում:
Արա Խզմալյանը խոսեց վերջին շրջանում կատարված աշխատանքի մասին, որ կառավարության համար այս միջոցառման կազմակերպումը մեծագույն պատասխանատվությամբ է կատարվել: Արտակարգ դրության պայմաններում բոլոր նախաձեռնություններում եղել է մտահոգություն, որ հարգելով նահատակների հիշատակը` հարգենք կյանքը:
«Այսօր երեկոյան ժամը իննին կմարեն հանրապետության բոլոր հրապարակների լույսերը: Եվ մարդկանց կոչ ենք անում անջատել իրենց տան լույսերը: Կհնչեն եկեղեցիների զանգերը: Վաղը երեկոյան ժամը տասից կսկսվի գեղարվեստական մասը»:
Մշակութային մասի մասին խոսեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Սկսած ժամը ութից կարող են ուղարկել հաղորդագրությունը 1915 համարին, իսկ արդեն երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին կարող են տեսնել իրենց անունները: Յուրաքանչյուր հեռախոսահամարից կարող են ուղարկել միայն հինգ անուն, և լավ կլինի դրանք լինեն հայատառ: Հաղորդագրությունը կլինի սիմվոլիկ՝ մեկ դրամ: Եվ մենք վստահ ենք, որ կտեսնենք բոլորի մասնակցությունը այս ծրագրին: Իրավիճակը այսպիսին է: Այս պահին կազմակերպչական աշխատանքներ են ընթացում: Առաջին անգամ Ծիծեռնակաբերդում տասնմեկ ժամ կլինի համերգային ծրագիր»:
Հայկ Մագոյան