տուն Լուրեր Հայոց ցեղասպանության փաստը հերքող ամենաակտիվ գործիչներից մեկը հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում

Հայոց ցեղասպանության փաստը հերքող ամենաակտիվ գործիչներից մեկը հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում

205
0

 url

Հայոց ցեղասպանության փաստը հերքող աշխարհի ամենաակտիվ գործիչներից մեկը հաջորդ շաբաթ ելույթ է ունենալու Ավստրալիայի խորհրդարանում,- հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի լրատվական «Էյ Բի Սի» գործակալությունը, համաձայն որի Հայոց ցեղասպանության փաստը հերքողի հետ հանդիպումը կանցկացվի երկրի խորհրդարանի հանձնաժողովների դահլիճում:

Գործակալության փոխանցմամբ՝ «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-ից 1923 թվականներին» խորագրով հանդիպմանը ելույթ կունենա ԱՄՆ-ի պատմության պրոֆեսոր Ջաստին ՄըքՔարթին: Հանդիպմանը մուտք կունենան միայն հատուկ հրավիրված անձինք:

«ՄըքՔարթիին հայերը վերաբերվում են նույն արհամարհանքով, ինչպես հրեաները՝ Հրեական ողջակիզմումը հերքող Դեյվիդ Իրվինգին», — նշված է հոդվածում:

Հոդվածում մեջբերվում է ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնական Պանայոթիս Դիամադիսի կարծիքը, համաձայն որի, հայերի, ասորիների և Պոնտոսի հույների համայնքներին մեծ անհանգստություն կպատճառի այն հանգամանքը, որ Ավստրալիայի խորհրդարանի շենքում նման ելույթ է նախատեսվում:

«Զայրույթ ու գարշանք է առաջացնում այն փաստը, որ պաշտոնական վայրում, իսկ Դաշնային խորհրդարանը պաշտոնական վայր է, խոսք է տրվում այն անձին, ով հերքում է զոհերի հիշատակը, ով հերքում է այս ցեղասպանության փաստը», — ասել է Դիամադիսը:

«Էյ-Բի-Սի» ավստրալիական գործակալության փոխանցմամբ, նա պարզաբանումների համար դիմել է Հայոց ցեղասպանությունը հերքողի մասնակցությամբ «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-ից 1923 թվականներին» միջոցառումը կազմակերպող Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լորի Ֆերգյուսոնի գրասենյակին, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here