Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Հայկ Մարությանը շնորհավորել է հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ ԵՄ պատվիրակության ղեկավարի գրասենյակի հետ քաղաքային իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել համագործակցության շրջանակը:
Եվրամիության ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ Երեւանում իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, թափոնների կառավարման, հանրային տրանսպորտի, հատկապես՝ մետրոպոլիտենի արդիականացման, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների կառավարման եւ այլ ոլորտներում:
Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստակամ է խորացնելու եւ ընդլայնելու փոխգործակցության սահմանները: