տուն Աշխարհ Հայկական մարդասիրական առաքելության խումբը մեկնել է Սիրիա

Հայկական մարդասիրական առաքելության խումբը մեկնել է Սիրիա

397
0

Հայկական մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին մեկնել է Սիրիա, որտեղ մարդասիրական առաքելությունն արդեն մի քանի ամիս օգնում է Հալեպի բնակչությանն անցնել խաղաղ կյանքի, ականազերծում է տարածքները, ցուցաբերում բուժօգնություն:

Հայկական մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խմբի մեկնումը հատկանշական իմաստ ունի ներկայումս Սիրիայի հյուսիսում ծավալվող իրողությունների ֆոնին, որոնցում դարձյալ կա այդ շրջաններում բնակվող հայերի անվտանգության հարց, եւ այն Հայաստանի կառավարության օրակարգում է:

Միաժամանակ, հայկական մարդասիրական առաքելության հանգամանքը ունի նաեւ քաղաքական նշանակություն այն նոր շրջափուլի համատեքստում, որ թեւակոխել է սիրիական ճգնաժամը:

Այդ իմաստով հատկանշական է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիս ներխուժման առիթով Հայաստանի արտգործնախարարության դատապարտող հայտարարությունը, որն ավարտվում էր հավաստիացումով, որ Հայաստանը շարունակելու է մարդասիրական առաքելությունը: Նույն օրն այդ հավաստիացումն արեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բանավոր հայտարարության մեջ:

Տպավորություն էր, որ Թուրքիայի սիրիական ներխուժման համատեքստում, որն անկասկած իրականացվում է առնվազն Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ համաձայնության եւ պայմանավորվածության ռեժիմում, օրակարգում կա կամ կարող է հայտնվել Սիրիայում հայկական առաքելությունը դուրս բերելու հարց: Բացառել պետք չէ, որ Թուրքիայի սիրիական հերթական ռազմարշավի նպատակների շարքում է նաեւ հենց այդ հարցը:

Առերեւույթ, ի՞նչ խնդիր ունի Անկարան Հալեպում իրականացվող հայկական առաքելության հետ, ինչո՞վ է այդ առաքելությունը խնդիր Սիրիայում խոշոր ռազմաքաղաքական խաղին մասնակցող Թուրքիայի համար: Միաժամանակ, սակայն, Հալեպում հայկական պետական ներկայությունը, այն էլ մարդասիրության բարձր նշաձողի շրջանակում, ռեգիոնալ հայկական անբեկանելի գործոնին ավելացնում է նաեւ Հայաստանի պետական գործոնը՝ այդպիսով հայկական գործոնը բերելով սուբյեկտային կարգավիճակի:

Այդ հանգամանքը հատկապես ուշագրավ երանգ եւ նշանակություն է ստանում Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշման ֆոնին, որ կայացվեց շաբաթներ առաջ:

Գործնականում, թուրքական ներխուժման ֆոնին Երեւանը կարեւոր է համարում հայտարարել եւ վերհաստատել, որ շարունակվելու է ներկայությունը Սիրիայում: Դա նաեւ ներգրավված գերտերություններին եւ ռեգիոնալ տերություններին Երեւանի հաստատակամության եւ գործընկերային կանխատեսելիության ազդակ է: Միաժամանակ, դա թույլ է տալիս Հայաստանին փոթորկուն փուլ մտած ռեգիոնալ նոր իրողություններում հայկական շահերի եւ անվտանգության նկատմամբ համարժեք կանխատեսելիություն ակնկալել գործընկեր սուբյեկտներից:

Վարչապետ Փաշինյանը օրերս հայտնել էր, որ Աշխաբադի ԱՊՀ Վեհաժողովում Պուտինի հետ զրույցում նրան էր դիմել Սիրիայում թուրքական ներխուժման ֆոնին հայկական համայնքի համար կարեւոր մի հանգամանքի համար, որին հաջորդել էր ՌԴ նախագահի արագ գործնական արձագանքը՝ հաջորդ օրը տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի տեսքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here