Մայիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Այն այսուհետ կոչվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի
կենտրոն։
ՀԿԽԸ-ն վերակնքել է աշխատանքային պայմանագրերը կենտրոնի աշխատակազմի 92 տոկոսի հետ։ Մայիսի 1-ից կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա
խնամող։
Քովիդ-19 համավարակով պայմանավորված, շահառուների ելումուտը սահմանափակելու նպատակով, մայիսի 14-ին կազմակերպվել է սրտաբանի, վնասվածքաբանի և ակնաբույժի այց խնամքի կենտրոն։ Իրականացվել է 42 շահառուի զննում և խորհրդատվություն։
Հիմք ընդունելով համավարակային իրավիճակը՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը մայիսի 21-ից անցել է աշխատանքին փակ ռեժիմի։ Շուրջօրյա հերթապահում են 6 խնամող, 2 բուժքույր, 2 մատուցող, խոհանոցի աշխատողը և
կաթսայատան պատասխանատուն։
Կենտրոնի անձնակազմը և շահառուները մայիս ամսվա ընթացքում անցել են Քովիդ -19-ի տեստավորում՝ արդյունքները բացասական են։
Խնամառուները մեկուսացման մեջ էին դեռևս մարտի 16-ից։ Ամեն շաբաթ կենտրոնի տարածքն ախտահանվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից, անձակազմն ու խնամառուները ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ բոլոր միջոցներով։
2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև կնքվեց Հուշագիր, որի համաձայն ՀԿԽԸ-ն ստանձնեց Գյումրու տուն – ինտերնատի կառավարումը։