ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել.
Hzham.am էլեկտրոնային լրատվամիջոցը այսօր «ՔՊ-ականները հետաքրքրված են անշարժ գույքի շուկայով» վերտառությամբ հրապարակում է կատարել, որում ընդգրկված մտքերը որևէ աղերս չունեն իրականության հետ։
Հրապարակման մեջ հասարակությանը «իրազեկում են», թե իբր մարզպետները՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում տներ են ձեռք բերում՝ «առանց ձեռքը գրպանը տանելու», մատուցում են
ծառայություններ՝ որպես նվիրատվություն բնակարան պահանջելով։ Կայքի «աղբյուրները» նշում են նաև, թե Սուրեն Պապիկյանն անձամբ բնակարան է նվեր ստացել հայրենի համայնքի ղեկավարներից մեկից՝ նրան ծառայություն մատուցելու դիմաց։
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ այս մտքերն ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն խեղաթյուրել նախարարի, ինչպես նաև մարզպետների բարի համբավը։
Հիշեցնում ենք, որ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունն ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածով, իսկ պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները
սահմանվում են նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով։
Ուստի հորդորում ենք Hzham.am-ի տնօրինությանը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տարածել հերքում նշված հրապարակման առնչությամբ, այլապես ստիպված կլինենք կայքի համար սովորական դարձած այս արատավոր գործելաոճը կանխելու և հասարակությանը նման «հավաստի» լուրեր ստանալու հավանականությունից ազատելու համար գործին տալ իրավական ընթացք։
Հեղինակը հրապարակումը ավարտել է խոստումնալից «շարունակելի․․․» արտահայտությամբ։ Իհարկե շարունակություն կարող է լինել, սակայն այս անգամ արդեն ոչ թե էլեկտրոնային հարթակում, այլ դատական նիստերի դահլիճում։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին խուսափել ապատեղեկատվություն տարածելուց և լսարանին մանիպուլացնելու փորձերից։