Պարզվում է՝ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ կարող են «Հայկական ժամանակում» որեւէ հոդվածի տպագրություն կասեցնել: Նման պայծառ երեւակայությամբ նախօրեին հանդես եկավ Երեւանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանը (նկարում): Վերջինիս հետ երեկվա թերթում տպագրվել էր մեր թղթակցի բլից-հարցազրույցը («Սերժի եղբայրը կապ չունի՞», Հժ, 28.11.2013): Ավդալյանը, սակայն, ըստ մեր տեղեկությունների, չափազանց դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ «Հժ»- ում պետք է այդ հարցազրույցը տպագրվի եւ մի քանի ժամ շարունակ միջնորդներ է փնտրել, ովքեր կարող էին խնդրել մեզ չանել այդ բանը եւ ում խնդրանքը մենք չէինք կարողանա մերժել: Երկարամյա ռեկտոր այս տիկինը առիթ չէր ունեցել, փաստորեն, առնչվելու «Հժ»-ի «անմարդկային» տեսակի հետ, որի համար հոդված տպագրելու հարցում գոյություն չունեն «հարգանք», «պատիվ», «սրբություն»: Մենք չէինք անդրադառնա Կարինե Ավ- դալյանին եւ նրա ջանքերին, եթե նա այդպիսի համառություն չդրսեւորեր, ամբողջ Գյումրին չխառներ իրար: Այնպես որ, տիկին Ավդալյանին հաջողվեց արժանանալ մեր ավելի մեծ ուշադրությանը, եւ մենք սեփական հետաքրքրությունը բավարարելու համար գյումրեցիների շրջանում հետաքրքրվեցինք, թե ով է այս տիկինը, ով է եղել նախկինում եւ ով է պատրաստվում լինել ապագայում: Մեր հարցերին ի պատասխան, առաջինը լսում էինք Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի անունը՝ որպես նրա մտերիմի: Ամբողջության մեջ ստացանք հետեւյալ պատկերը. Կարինե Ավդալյանը Գյումրիում հայտնի է, որպես «մեծ ախորժակ» ունեցող կին: Գյումրեցիները Կոնսերվատորիայի մասնաճյուղի ռեկտորի անունը լսելիս, մեղմ ասած՝ շատ մեղմ ասած, այնքան էլ լավ չեն արտահայտվում նրա մասին: Կարինե Ավդալյանը մտադիր է դառնալ նոր ստեղծվելիք Գյումրու արվեստների պետական ակադեմիայի ռեկտոր: Ակնհայտ է, որ Հայաստանի կրթության բնագավառում բարձր պաշտոն զբաղեցնելու բոլոր անհրաժեշտ որակները նա ունի: Դե իսկ Սերժ Սարգսյանի եղբոր հետ մտերմությունն էլ՝ որպես բոնուս: