Սոչիի Օլիմպիական խաղերը չափազանց թանկ նստեցին Ռուսաստանի վրա: 50 միլիարդ դոլար ծախսվեց միջոցառումների կազմակերպման վրա, եւ արդյունքում ստացվեց տպավորիչ մի փառատոն, որտեղ Ռուսաստանը չեմպիոնական ոսկե մեդալների քանակով զբաղեցրեց առաջին տեղը, ինչն աննախադեպ է պատմության մեջ: Ռուսաստանի իշխանությունները չէին էլ թաքցնում, որ Սոչիի Օլիմպիադայում եւ Օլիմպիադայով կերտվում է այդ երկրի նոր իմիջը: Սոչիի Օլիմպիադան պիտի դառնար հաջողության ռուսական մոդելի օրորոցը եւ ապացույցը. Օլիմպիադան այդ առումով ծառայեց իր նպատակին:
Հարց է ծագում. բայց ինչու՞ էր Ռուսաստանին, որ տնտեսական բավական լուրջ դժվարություններ ունի եւ տնտեսական հեռանկարի մռայլ կանխատեսումներ, հարկավոր այսքան միջոցներ ներդնել Օլիմպիական խաղերի համար: Ռուսական էլիտայի մտահղացմամբ, դա պիտի զարկ տար, ֆորսաժ հանդիսանար հետխորհրդային տարածքում Եվրասիական միության ձեւավորման համար, որ ավելի շատ անվանում են նոր Խորհրդային Միություն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի դեպ, առանձնապես դեմ չէ ԽՍՀՄ-ի հետ զուգահեռներին. նախագահ դառնալուց հետո նրա առաջին քայլերից էր ԽՍՀՄ օրհներգը որպես Ռուսաստանի օրհներգ վերականգնելը՝ նոր բառերով: Սոչիի օլիմպիադայում ընդարձակ կերպով խորհրդային ատրիբուտիկա էր օգտագործվում: Բոլորին պարզ եւ հասկանալի էր, թե ինչ են մտածում ռուսական վերնախավում, եւ ինչ է Եվրասիական միությունը: Օրհներգի նման, դա ԽՍՀՄ-ն է` ուրիշ բառերով: Եւ ահա, Մաքսային միության եւ Եվրասիական միության հեռանկարի մեջ էր ռուսական էլիտան տեսնում Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական զարգացումը:
Ընդամենը նոյեմբերին, երբ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվեցին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, թվում էր, թե նոր ԽՍՀՄ-ը այլեւս կայացած փաստ է: Սիրիայի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն էլ գումարած՝ Պուտինը համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ մարդը, եւ տպավորություն էր, թե նրա ծրագրերին ոչինչ այլեւս չի կարող խանգարել: Բայց այն, ինչ երկու ամիս առաջ թվում էր անխուսափելի, հիմա արդեն թվում է անհնարին՝ Ուկրաինայի դեպքերի պատճառով: Վլադիմիր Պուտինը կորցրեց Ուկրաինան, ինչը նշանակում է՝ կորցրեց Եվրասիական միության ստրատեգիական հեռանկարը:
Քաղաքական առումով ծանրագույն մի շրջան է սկսվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Նա պետք է պատասխանի շատ պարզ մի հարցի. ի՞նչ անել հետո: Ամբողջ ներուժը ներդնել Ուկրաինան հետ բերելու համա՞ր. բայց Ուկրաինայում Ռուսաստանի հիմնական պատվար «Ռեգիոնների կուսակցությունը» ջախջախված է, եւ չի թվում, թե այս թեւից կա նախագահի կամ վարչապետի թեկնածու, ով կարող է լուրջ մրցակից դառնալ Մայդանի ընդդիմության համար: Ջանքեր գործադրել Ուկրաինան կիսելու համա՞ր: Բայց կիսված Ուկրաինան այլեւս Ուկրաինա չէ, իսկ առանց Ուկրաինայի Եվրասիական միություն չի կարող գոյություն ունենալ, ինչպես, օրինակ, չէր կարող Եվրամիություն գոյություն ունենալ առանց Գերմանիայի կամ Ֆրանսիայի: Իսկ Մաքսային միությունը առավելագույնը կարող է վերածվել ԱՊՀ-ի նման մի կառույցի` հոգնած, տխուր, անհեռանկար:
Ռուսաստանի նախագահն ունի նաեւ երրորդ տարբերակը` ընդունել կայացած փաստը, առավելագույն ջանքեր գործադրել Ուկրաինայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար, թողնել Եվրասիական ամբիցիոզ ծրագրերը եւ զբաղվել անծայրածիր Ռուսաստանը ժամանակակից տնտեսությամբ եւ քաղաքական համակարգով պետություն դարձնելու գործով: Մի բան, որ փորձում էր անել Բորիս Ելցինը, բայց չկարողացավ:
Իհարկե, նման շրջադարձեր Պուտինի նման ազդեցիկ գործիչներին շատ դժվար են տրվում, բայց հիմա կարծես ակնհայտ է, որ Եվրասիական ճանապարհը տանում է ոչ մի տեղ: Սոչիի օլիմպիադան կարող է ծառայել իր նպատակին, եթե Ռուսաստանում Ռուսաստան ասելով սկսեն հասկանալ Ռուսաստանը՝ իր այսօրվա պետական սահմանների մեջ: Հակառակ դեպքում, Սոչին կարող է ոչ թե սկիզբ լինել, այլ վերջաբան: Գեղեցիկ, տպավորիչ, շքեղ՝ բայց վերջաբան:
Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը