Տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի:
Ծրագիրը կսկսվի Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան եւ Տաթեւ համայնքներից: Այս համայնքներից եւ հարեւան 14 գյուղերից կձեւավորվեն 4 խոշոր համայնք: Եթե երեք տուրիստական կենտրոններն իրենք կդառնան համայնքային կենտրոններ, ապա Տաթեւ համայնքի դեպքում կենտրոնը կլինի Շինուհայր գյուղը: Պիլոտային եւ հետագա խոշորացումը կիրականացվի միայն հանրաքվեի արդյունքում բնակչության դրական գնահատականին արժանանալուց հետո: Առայժմ, սակայն, որոշված չեն, թե վերը նշված համայնքներում երբ են տեղի ունենալու հանրաքվեները: Ենթադրվում է, սակայն, որ դրանք պետք է տեղի ունենան այս տարվա ընթացքներում: Կառավարությունը, ի դեպ, առայժմ չի կողմնորոշվել նաեւ, թե կոնկրետ ինչ հայեցակարգ դնել համայնքների խոշորացման հիմքում. գոյություն ունի երեք տարբերակ, որոնցից մեկի համաձայն համայնքներ կդառնան ԽՍՀՄ նախկին շրջանները՝ իրենց շրջկենտրոններով:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը