«Զեյթունի շուկայի մերձակա տարածքում մեր թղթակցի ուսումնասիրությունները հանգեցրել են եզրակացության, որ տեղական մսի գինն իջել է այնքան, որ գրեթե հասել է Բրազիլիայից և Ռուսաստանից ներկրված կամ ընդհանրապես անհայտ ծագմամբ, սառեցված մսի գնին։ Զեյթունի շուկայի մոտակայքում՝ Սևակի և Ռուբինյանց փողոցներում, մսի վաճառքով զբաղվող մի քանի տաղավարներում և խանութներում վաճառվող միսը ռեկորդային ցածր է։ Խանութներից մեկում երինջի և ցլիկի միսը սկսում է 1500 դրամից և հասնում առավելագույնը 2300 դրամի։ Նշված խանութում հասուն տավարի ոսկրոտ միսն արժե 1700 դրամ, իսկ ջահել անասունինը՝ 1950։ Փափուկ մսի առավելագույն գինը 2200-2300 դրամ է։ Խոզի չալաղաջն արժե 2600 դրամ (մեկ տարի առաջ այն 3500 դրամի էր հասնում), բուդը՝ 2500, իսկ թևը՝ 2000 դրամ։ Խանութում անգամ ակցիա է հայտարարված։ Այսպես, 10 կիլոգրամ և ավել աղացած տեղական միս գնելու դեպքում ամեն կիլոգրամի դիմաց գնորդը վճարում է 1600 դրամ։ Ղաուրմայի միսը նույնպես՝ 10 կգ և ավելի գնելու դեպքում, 1700-ի փոխարեն արժե 1450 դրամ։
Մսեղիքի գնի այս անկումը մսավաճառները պայմանավորում են անասնապահության ոլորտում առկա դժվարություններով, որոնց գյուղացիներն ի վիճակի չեն դիմադրելու։ Չոր խոտի և խտացրած կերի թանկությունը, բնական կաթի էժան մթերումը, պետական քաղաքականության բացակայությունը, արտահանման պայմանների բացակայությունը ստիպում են գյուղացուն՝ միսը վաճառել ինքնարժեքից էլ ցածր գնով։
«Մասսայական մորթ է գնում՝ հատկապես Վարդենիսի գյուղերում, որովհետև չեն կարողանում պահել։ Եթե էսպես շարունակվի. ապա շատ շուտով անասուն չի մնա, ու արդեն միսը չափից դուրս կթանկանա։ Եվ որպեսզի էդպես չլինի, գյուղացուն պետք է օգնել»,– ասել է մսավաճառներից մեկը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։