«Շաբաթ օրը ՀՀ կառավարությունն իր արտահերթ նիստում քննարկեց 2014 թվականի պետբյուջեի նախագիծը, ըստ որի, նախատեսված է Հայաստանի բյուջետային աշխատողների աշխատավարձը 40 տոկոսով բարձրացնել 2014 թվականի հուլիսի 1-ից։
Սա չափազանց ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյանի բոլորովին վերջերս արած մի հայտարարության ֆոնին։ Ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 28-ին ՀՀ ԿԳ նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ կախված աշխատանքային ստաժից…»։ Եթե Ս.Սարգսյանի ասածները իրականանային, ապա նրա նշած պաշտոնյաների աշխատավարձը պետք Է բարձրանար առնվազն կրկնակի, այսինքն՝ 100 տոկոսով, ընդ որում՝ հունվարի 1-ից։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին էլ Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ աշխատավարձերը կբարձրանան այս տարվա հուլիսից, ինչը նույնպես տեղի չունեցավ»։