Երեկ տեղեկություն ստացանք, որ ՀՀԿ վերնախավում քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը: Մեր աղբյուրները հայտնում են, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են եւ վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկումները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով: Պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու առաջարկի հեղինակները դա պայմանավորել են նրանով, որ ՀՀ բնակչության դժգոհությունները գործող իշխանությունից առանց այդ էլ խորն են, եւ դժգոհության մի նոր` լրացուցիչ առիթ ստեղծել պետք չէ: Եւ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, թե ինչ ճակատագիր է սպառնում իշխանությանը համաժողովրդական ընդվզումների արդյունքում: Այլ կերպ ասած, իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ մտավախություններ կան, որ առկա դժգոհությունների պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչը կարող է դառնալ այն կայծը, որը Սերժ Սարգսյանին կտանի Յանուկովիչի «հետքերով»: Նշենք, որ իշխանական վերնախավում արդեն իսկ պատկերացում ունեն, թե ինչպիսի տրամադրություններ կան հանրության շրջանում կուտակային այս համակարգի նկատմամբ: Վերջերս անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստովանել, որ բնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին: Մյուս կողմից, սակայն, գործող իշխանությունը խիստ շահագրգռված է կուտակային պարտադիր բաղադրիչով, քանի որ դրանով ակնկալում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի լրացուցիչ փող հավաքել եւ տարբեր մեխանիզմներով այն ծառայեցնել բյուջեի բազմաթիվ «ծակուծուկերի» փակմանը: Մասնավորապես, իշխանությունն արդեն իսկ ծրագրել է այդ գումարների մի մասը պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով դարձնել ցածր տոկոսով ՀՀ ներքին պետական պարտք եւ ծախսել տարբեր պոպուլիստական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը ուղղել մասնավոր բանկերի ֆինանսական ռեսուրսների համալրմանը` այստեղից բխող նեղ անձնական շահագրգռվածություններով: Թե վերոնշյալ այս երկու գործոններից որն ավելի հզոր կթվա իշխանություններին, կերեւա առաջիկայում:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը