Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ, թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի` ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա:
«Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության-չանդամակցության խնդիրը (Մաքսային միությանը- խմբ.), այլ այն, որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը բարվոք չէ… Ուկրաինան այնպիսի գործընկեր է, որը էական նշանակություն ունի ԱՊՀ երկրների համար ու շահագրգռված չենք, որ այնտեղ լինեն տնտեսական պրոբլեմներ: Դա կազդի ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ մեր վրա, քանի որ մենք էլ ունենք ապրանքաշրջանառություն Ուկրաինայի հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով: 2013 թվականին Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 240 միլիոն դոլար: Հայաստանի` ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ՄՄ չմտած Ուկրաինան մեզ համար կդառնա «երրորդ երկիր», ինչի պատճառով այդ երկրի հետ ՀՀ առեւտրի ծավալները հավանաբար կնվազեն, քանի որ կսկսեն գործել բարձր մաքսատուրքեր:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը