տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Դեպի ապահով Ռումինիա

«Հայկական Ժամանակ». Դեպի ապահով Ռումինիա

73
0

Հայկական

Մեր ստացած հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայումս գտնվում է Ռումինիայում եւ այլեւս չի պատրաստվում վերադառնալ Հայաստան: ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է ուղիղ մեկ ամիս առաջ: Ըստ մամուլի հրապարակումների, որոնք որեւէ կերպ չեն հերքվել, նրա անունը կապվում է «Հայբիզնեսբանկում» տիրող իրավիճակի հետ: Ըստ այդ հրապարակումների, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում: Մասնավորապես նշվում է, որ նա փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին: Նշենք, որ «Հայբիզնեսբանկից» խոշոր գումարների անհետացման գործով ձերբակալված անձանց թվում է նաեւ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը: Վերջինս, մեր տեղեկություններով, վաճառքի է հանել իր ունեցվածքը, որը սակայն չի «ծածկում» բանկից անհետացած ողջ գումարը: Հիշեցնենք, որ այս բանկի շուրջ ամիսներ շարունակ տարօրինակ իրադարձություններ էին տեղի ունենում, սակայն իրավապահները լիակատար անտարբերություն էին դրսեւորում դրանց նկատմամբ: Դեռ անցած տարվա հունիսի 10-ին «Հայբիզնեսբանկի» իր աշխատասենյակում մի քանի սափրագլուխներ դաժան ծեծի էին ենթարկել բանկի խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանին: ՀՀ ոստիկանությունը սկզբունքային անտարբերություն դրսեւորեց, մեր թերթի` այդ մասին հրապարակմանը, եւ դրանից արդեն պարզ էր, որ բանկում ստեղծված իրավիճակին մասնակից են ազդեցիկ դեմքեր, որոնք վայելում են նաեւ իրավապահների ուղղակի եւ անուղղակի հովանավորությունը:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը