տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Այդ ո՞վ է ինձ հարցեր տալիս

«Հայկական Ժամանակ». Այդ ո՞վ է ինձ հարցեր տալիս

61
0

 

hj

«Հայկական ժամանակ»-ի երեկվա համարում «Սպառնալիքներ լրագրողի հասցեին» հրապարակման  մեջ նշել էինք, որ նախորդ օրը  ԵՊՀ ուսանող «ՀԺ»-ի թղթակցին 40 րոպե շարունակ բուհում անհայտ անձինք հարցաքննել, կաշառելու փորձեր էին արել  եւ սպառնալիքներ էին տեղացել: Նրանցից մեկը ներկայացել էր որպես «Հ1»-ի կադրերի բաժնի պետ:  Պարզվում է, որ ո՛չ ԵՊՀ ղեկավարությանը, ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ «Հ1»-ին առանձնապես չի հուզել կատարվածը: Բոլոր այս կառույցները, ինչպես նաեւ պատմության առանցքային մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, երեկ քար լռություն պահպանեցին դեպքի հետ կապված, եւ միայն լրագրողների պնդմամբ մի քանի կցկտուր մեկնաբանություններ եղան: Մինչդեռ իրազեկ շրջանակները չեն բացառում, որ լրագրողի հետ տեղի ունեցածը կարող է առնչություն ունենալ Սերժ Սարգսյանի՝ մի քանի օր առաջ «Երեւան Մոլ» կատարած այցի հետ: Բանն այն է, որ խոսքը նույն այն լրագրողի մասին է, ով «Երեւան Մոլ»-ի բացման արարողության ժամանակ ոտքի վրա հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, լրագրողների հետ շփման հարցում դժվարություններ ունի: Խուսափում է ասուլիսներից եւ բրիֆինգներից: Համագումարներին կամ դահլիճային այլ միջոցառումներին մասնակցելու համար օգտվում է բացառապես շենքերի հետնամուտքերից: Նրա աշխատակազմը երբեք նախապես չի տեղեկացնում, թե, ասենք, հաջորդ օրը Սերժ Սարգսյանը ուր է մեկնելու, ինչ է անելու: Այս գաղտնապահության պատճառը միայն անցանկալի լրագրողներն են, տեսախցիկներն ու առավել եւս` անցանկալի հարցերը: Անհրաժեշտության, ասելիք ունենալու դեպքում էլ ներկայացում է բեմադրվում, թե ինչպես է, օրինակ, որեւէ գործարանում շրջայցից հետո Սերժ Սարգսյանը պատասխանում բացառապես ընտրովի լրագրողների հարցերին: Նույնիսկ այս բեմադրություններն են հազվադեպ հանդիպում: Ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում հայտնվելուց հետո իր դրվածքն է դրել. ինքը անորսալի է լրագրողների համար: Եւ ահա տարիներ շարունակ գոյություն ունեցող այս դրվածքը խախտվում է: Ինչ-որ լրագրող, ավելի ճիշտ` «դեղնակտուց», համարձակություն է ունենում իրեն՝ անորսալիին եւ անձեռնամխելիին, հարց ուղղել: Սերժ Սարգսյանը  խեթ հայացք է նետում լրագրողի ուղղությամբ, ոտքից գլուխ չափում ու շարունակում քայլել: Այս դեպքից երկու օր անց ահա նույն այդ լրագրողը հայտնվում է եպհվաենկոմատահմեկային ծուղակում:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը