տուն Քաղաքական Վերլուծական Հայկական դիվանագիտության նախորդ տարվա մարտահրավերների ու ձեռքբերումների մասին

Հայկական դիվանագիտության նախորդ տարվա մարտահրավերների ու ձեռքբերումների մասին

814
0

Անցած տարի ՀՀ դիվանագիտության առջև ծառացած հիմնական խնդիրներն էին տարածաշրջանային և միջազգային լարվածության աճի վնասակար ազդեցության մեղմումը, միջազգային հարաբերություններում ունեցած դերակատարության ամրագրումը, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցած կարևոր փոփոխությունների և ընթացող բարեփոխումների համատեքստում դիվանագիտության առավելագույն ծառայեցումը երկրի և մարդկանց կյանքի բարելավմանը: Սրանք նպատակներ են, որ ուրվագծվել են՝ հաշվի առնելով ինչպես ՀՀ հնարավորությունները և շահերը, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքականության վրա անխուսափելիորեն ազդող տարատեսակ օբյեկտիվ գործոններ: Այս նպատակները նաև թույլ են տալիս առարկայական խոսել արտաքին քաղաքական նվաճումների մասին:

Այն, որ Հայաստանը պետք է վարի բալանսավորված արտաքին քաղաքականություն և պետք է փորձի հնարավոր բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցություն զարգացնել, մեր երկրում արտաքին քաղաքական աքսիոմ է հանդիսանում: Սակայն երբ գալիս ենք արտաքին քաղաքական գործնական դաշտ, պարզ է դառնում, որ միայն մտադրությունների մասին բարձրաձայնելով՝ անհնար է գտնվել այդ էկվիլիբրիումի տիրույթում: Հատկապես, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը հեռու է համագործակցային լինելուց և մոտենում է առճակատման այնպիսի աստիճանի, որ փորձագետներն ու լրագրողները վերհիշում են սառըպատերազմյան բառապաշարը:

Մի հարց է, երբ, օրինակ, ողջունում ես Իրանի և «վեցնյակի» միջև միջուկային համաձայնագրի կնքումը, մեկ այլ բան է, երբ աշխատում ես այն պայմաններում, երբ, օրինակ, ԱՄՆ-ը դուրս է եկել համաձայնագրից և նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, ԵՄ երկրները շարունակում են մնալ պայմանագրի կողմ, բայց միևնույն ժամանակ քննադատում են Իրանի վարքագիծը, իսկ, օրինակ, ՌԴ-ն և Չինաստանը ողջունում են Իրանի կողմից իրականացված քայլերը: Գտնվելով այս տարածաշրջանում՝ Հայաստանը չի կարող մնալ պարզապես չեզոքի պասիվ կարգավիճակում: Հայաստանն իրականացնում է ներգրավված անկողմնակալ քաղաքականություն: Մի կողմից ընդգծում է, որ չի սատարի Իրանի կամ ԱՄՆ-ի ,կամ գործընթացում ներգրավված այլ կողմերի դեմ որևէ գործողության, իսկ մյուս կողմից ընդգծում է, որ այս գործընթացի հետևանքով իր վրա ազդող ռիսկերի նվազեցման հարցում պետք է ունենա լսելի ձայն: 

Այս մոտեցումը նաև հենվում է հայ հասարակության արժեքային համակարգի, տարբեր քաղաքակրթությունների հետ փոխհարստացնող շփումների պատմության և երկխոսության գաղափարի կարևորության ընկալման վրա: 

Եթե փորձենք գնահատել ՀՀ վարքագծի արդյունավետությունը, ապա չենք կարող չփաստել, որ նման առճակատման պայմաններում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու կարևորությունը տարբեր առիթներով շեշտվել է ներգրավված բոլոր դերակատարների կողմից:

Անցնելով միջազգային հարաբերություններում ՀՀ դերակատարությանը՝ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոխակերպումներն աշխարհում ժողովրդավարության դիրքերի թուլացման միտումների համատեքստում թույլ են տալիս Հայաստանին վստահաբար հանդես գալ բազմակողմ դիվանագիտության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հենասյուներում:

2019թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բավական թեժ ընտրություններում Հայաստանի հաղթանակը վկայությունն է նրա, որ Հայաստանի բարձր վարկանիշը այս ոլորտում միջազգային հանրությունը ճանաչում և ընդունում է: Նման հաջողությունները իրականում որոշ չափով թերագնահատվում են Հայաստանում: Այնինչ սա ոչ միայն բարձրացնում է Հայաստանի միջազգային կշիռը և մեր երկրին տալիս տարբեր հարցերում ձայնի իրավունք, և, հետևաբար, նաև ազդեցության լծակներ, այլև ծառայում է տնտեսության զարգացմանը. գտնվելով հակամարտություններով, ներքաղաքական անկայունությամբ և ոչ ժողովրդավարական վարչակարգեր ունեցող տարածաշրջանում՝ մեր երկիր զբոսաշրջիկների կամ ներդրումների հոսքի վրա չի կարող չազդել տարածաշրջանի ընդհանուր իմիջը: Սրան պետք է հակազդել պետության իմիջի առանձին ձևավորմամբ և ներկայացմամբ, իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու նման «դրական պատմությունները» նպաստում են հենց այդ առանձին իմիջի ձևավորմանը:

Չպետք է մոռանալ նաև, որ Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող գերակայությունների հիմքում ևս մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության սկզբունքներն են: Միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունները ստատիկ երևույթներ չեն: Դրանք պարբերաբար զարգանում են: 17-րդ դարից ձևավորված պետականակետնրոն մոտեցումներից տեղի է ունենում աստիճանական էվոլյուցիա դեպի ազգակենտրոն և մարդակենտրոն համակարգ: Հետևաբար մարդու իրավունքների կամ ժողովուրդների իրավունքների նկատմամբ հավատարմությունը և այդ արժեքների առաջ մղման հարցում ակտիվ դերակատարությունը ներկայումս եթե անգամ դիտվում են իդեալիզմի, ապա մոտ ապագայում ընկալվելու են որպես ռեալպոլիտիկի դրսևորումներ:

Միջազգային դերակատարության ամրապնդման համար նպաստավոր ձևաչափ է նաև ԵԱՏՄ-ն: Նախորդ տարի մի քանի առանցքային տնտեսական կենտրոնների հետ (ինչպես օրինակ Սինգապուրը) այս կառույցը զարգացրել է իր համագործակցությունը հիմնականում հենց Հայաստանի նախաձեռնությամբ և ակտիվ ներգրավվածությամբ: Եվ սրա մասին միայն մենք չէ, որ խոսում ենք:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությունը մարդկանց կյանքի բարելավմանը ծառայեցնելուն՝ պետք է նշել, որ սա այն ուղղությունն է, որտեղ, թերևս, ամենաէական տեղաշարժերն են իրականացվում և պետք է շարունակեն իրականացվել: Այսօր արդեն տեսնում ենք, որ դիվանագիտական աշխարհագրության ընդլայնման հարցերում ուշադրություն է դարձվում նաև տնտեսական գործոնին, դիվանագիտական այցերի ծրագրում ապահովվում է առավել հեռանկարային գործարար ուղղությունների մասնակցությունը, իսկ Հայաստանի տնտեսության մրցունակության աճի հետ մեկտեղ՝ փոխվում է նաև մեր երկրի նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքը: Հայաստանի հետ կապված շատերի մոտ բացառապես կայունության և խաղաղության պահպանման մեջ հետաքրքրված լինելուն գումարվում է տնտեսական հետաքրքրությունը:

Տարբեր ձեռքբերումների, նվաճումների մասին էլի կարելի է խոսել: Առավել հանգամանալից դրանք արտացոլվում են հաշվետվություններում և զեկույցներում: Եղել են նաև բացթողումներ: Այնուամենայնիվ, գործունեության արդյունավետության գնահատման տեսանկյունից կարևոր է վերլուծել որդեգրած արժեքներին և սկզբունքներին իրականացված քայլերի համապատասխանեցումը: Լինի դա սեփական ինքնիշխան շահերի վրա հիմնված միջազգային ներգրավվածությունը կամ արտաքին գործընկերների հետ հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ պահելը, հայկական դիվանագիտությունը հետևողական քայլերով փորձում է առաջ մղել համապետական և համահայկական կարևորության իր օրակարգը: