ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը այսօր հրավիրված ասուլիսին խոսել է մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերից և կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացից:
Հարցին, թե որոնք են վերջին նորությունները կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացում, բանախոսն ասաց, որ սպասում են առողջապահության նախարարության պաշտոնական գրությանը:
«Գիտեմ, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որը վերահսկում էր մեր անկախ փորձարկումները, արդեն եզրակացություններն ուղարկել է ԱՆ, և նախարարությունը երեկ գրությունը առաքել է մեր ինստիտուտ: Գրության ստացումից հետո հետևելու է թեստերի փոխանցումը առողջապահության նախարարությանը, որպեսզի բաշխեն համապատասխան կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներին»,- ասաց Արսեն Առաքելյանը:
Բանախոսը նշեց, որ օրական երկու հազար թեստ կարող են արտադրել: Ծավալների ընդլայնման հնարավորությունների առնչությամբ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի թեստերի արտադրման ծավալները մեծացնել:
«Այս պահին մենք վեց հազար թեստ ունենք պահեստավորած, որպեսզի, ըստ անհրաժեշտության, միանգամից կարողանանք մատակարարել»:
Հայկական արտադրության թեստերի որակական հատկություններն արդյոք չե՞ն զիջում դրսում արտադրվածներին:
«Պաշտոնական փորձարկումների արդյուքնները անպայման կհրապարակվեն համապատասխան գորությունն ստանալուց անմիջապես հոտո: Ինչ վերաբերում է մեր նեղ լաբորատոր փորձարկումների արդյունքներին, ապա մենք ստացել ենք 98 տոկոս ճշտության արդյունք` համեմատած ներկրված թեստերի»,- ընդգծեց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Հայկ Մագոյան