Հանրային խորհուրդը կողմ է բաց երկնքի քաղաքականությանը, սակայն ուզում է, որ ազգային ավիափոխադրողներին որոշ արտոնություններ տրվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասացին հանրային խորհրդի Ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանը: Թե կոնկրետ ինչ արտոնությունների մասին է խոսքը, Վ. Սաֆարյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ խոսքը պետություն-մասնավոր համագործակցության մասին է:
Ի. Մուրադյանն էլ, բերելով Վրաստանի օրինակը, նշեց, որ թեև այնտեղ էլ բաց երկնքի քաղաքականություն է, սակայն կան 10 ազգային ավիափոխադրողներ, որոնք ունեն 22 սեփական ինքնաթիռ: Նրանք թեև փոխադրումների փոքր՝ 15%-ն են իրականացնում, սակայն այնուամենայնիվ կան և վերջերս էլ դիմել էին պետությանը՝ որոշ արտոնությունների համար:
Ազգային փոխադրող ունենալը նաև անվտանգության հարց է: Ի. Մուրադյանի խոսքերով` փորձը ցույց է տալիս, որ ֆորս-մաժորային իրավիճակներում միջազգային ավիափոխադրողները դադարեցնում են թռիչքները, մինչդեռ ազգային ավիափոխադրողները շարունակում են աշխատանքը: