Mediaroom.am. Մենք մամուլից տեղեկացել ենք, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն լուծարվել է և աշխատակիցներից շատերը մնացել են առանց աշխատանքի: Ես որպես «Արարատ» ինկասացիայի գործադիր տնօրեն նամակ եմ ուղարկել լուծարվող կազմակերպության 9 բաժիններ, 9 տարբեր էլեկտրոնային հասցեներին և հայտնել, որ Արարատ ինկասացիայում թափուր աշխատատեղեր կան, սակայն մինչ օրս արձագանքել է 3 մարդ:
Այս մասին Mediaroom.am-ի հետ զրույցում ասաց «Արարատ» ինկասացիայի տնօրեն Արմեն Ղազարյանը, պատասխանելով հարցին, որ որոշ ուժեր վերջին շրջանում շահարկում են իր ղեկավարած կառույցի անունը: «Որոշ ուժեր շահարկում են «Արարատ» ինկասացիայի անունը, առանց տեղյակ լինելու, որ մեր ընկերությունը ոչ մի առնչություն չունի այլ ընկերության լուծարման հետ: Մենք այս պահին ունենք 60 թափուր աշխատատեղ, 280 հազար դրամ մեկնարկային աշխատավարձի չափով, դիմել ենք լուծարվող կազմակերպության 9 բաժիններ, հայտնել ենք, որ կարող են դիմել և անցնել աշխատանքի, սակայն մեր նամակներին արձագանքել են 3 հոգի»,-ասաց Ղազարյանը, հավելելով, որ նամակներն ուղարկվել են հունիսի 30-ին և նամակով հայտնել են, որ մինչև հուլիսի 10-ը կարող են դիմել:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ամենը ուղղորդվում է, Ղազարյանն ասաց. «Ես չեմ ցանկանում հստակ գնահատական տալ, բայց փաստեր ներկայացրեցի, որից հետո դուք, հանրությունը կարող են եզրակացություն անել: Եթե մարդուն աշխատանք է պետք, նրան հրավիրում են աշխատանքի, իսկ նրանք չեն գալիս, ես ինչ կարող եմ անել: Մի ավելացում կարող եմ անել: Հավանական է, որ այս աղմուկի հետ սովորական աշխատակիցները կապ չունենան և դա արվում է որոշ շրջանակների կողմից՝ արհեստական ֆոն ստեղծելու համար»: