Ի՞նչ փուլում է սիրիական ճգնաժամը հարաբերական հրադադարից հետո, ի՞նչ ճակատագիր կունենան սիրիահայերը, և ինչպիսի՞ քայլեր սպասել Թուրքիայից ու միջազգային հանրությունից: Այս ու այլ հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանի հետ։
Պարոն Գրիգորյան, Սիրիայում տիրող իրավիճակը՝ հատկապես այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը շարունակում է հուզել ու մտահոգել բոլորիս: Հարաբերական զինադադարից հետո, ի՞նչ զարգացումներ սպասել, որքանո՞վ են կանխատեսելի Թուրքիայի քայլերը…
Այս պահին Սիրիայում հարաբերական է ամեն ինչ, հետևաբար կանխատեսումներ անել՝ սխալ է, այս կոնտեքստում էթնո-դավանական փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի անվտանգության խնդիրը դեռևս կա, կան վտանգներ, որոնք տարբեր դրսևորումներ կարող են ստանալ։
Խոսակցություններ կան այն մասին, թե Պուտին-Էրդողան՝ Սոչիում կայացած հանդիպմանը անդրադարձ է եղել նաև հայերի աննվտանգության խնդրին: Դուք դա հնարավոր համարու՞մ եք:
Ըստ տարածվող լրահոսի՝ Էրդողանի և Պուտինի վերջին հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Սիրիայի էթնո-դավանական փոքրամասնություններին առնչվող հարցեր: Դա իրատեսական կարելի է համարել, առավել ևս՝ Սիրիայի առանձին հատվածների ճակատագրի հարց է լուծվում, որտեղ իրենց դերակատարումն ունեն այդ փոքրամասնությունները։
Ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը, բացի մարդասիրական առաքելություն իրականացնելուց: Դիվանագիտական, քաղաքական ի՞նչ գործողություններ կիրառել, հատկապես՝ նկատի առնելով Սիրիայի հարցում Անկարա-Բաքու հնարավոր տանդեմը՝ ադրբեջանցի զինվորականների ներգրավման մասին Բաքվի վերջին հայտարարությունից հետո:
Այս պահին ակտիվ դիվանագիտական քայլեր են պետք՝ ևս մեկ անգամ շեշտելու Սիրիայում հայ համայնքին սպառնացող վտանգների մասին։ Այդ քայլերի տրամաբանական հիմքը պետք է լինի Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության մասին մատնանշումներն ու էթնո-դավանական փոքրամասնության՝ սիրիահայերի դրական չեզոքության մասին հայտարարությունների բարձրաձայնումները։
Միջազգային հանրությունը, թուրքական բանակի՝ Սիրիա ներխուժելու պատճառով խստացրեց Անկարայի հետ հարաբերությունները, մի շաքր երկրներ դադարեցրին զենք վաճառել Թուրքիային…Որքանո՞վ են արդյունավետ այդ պատժամիջոցները, ինչպե՞ս զսպել Անկարայի ռազմատենչ նկրտումները։
Անկարայի նկրտումները զսպել կարող են միայն գերտերությունները, կամ ներթուրքական իրողությունները, դեռևս նման ազդակներ չկան, հետևաբար Էրդողանը կշարունակի նման հավակնոտ ծրագրերը հարևան երկրներում։
Ի դեպ, շատ է խոսվում Սիրիայում տարածում գտած «Նուբար Օզանյան» հայկական գումարտակի մասին: Ինչի՞ մասին է խոսքը, կմանրամասնե՞ք…
Հայկական Նուբար Օզանյան գումարտակի մասին շատ են խոսում քրդական և թուրքական լրատվական ռեսուրսները։ Սա մի խումբ է, որը ստեղծվել է քրդերի կողմից՝ ի ցույց դնելու, որ հայեր ևս կռվում են իրենց շարքերում թուրքական զինուժի դեմ։ Չի բացառվում, որ այդ գումարտակում լինեն հայեր, սակայն այն հիմնականում բաղկացած է քրդերից, հետևաբար պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ սա քրդական ծրագիր է։
Զրուցեց Արա Ալոյանը