տուն Տնտեսական Հայերենից ռուսերեն թարգմանությունների համար լրացուցիչ 50 մլն դրամ կհատկացվի

Հայերենից ռուսերեն թարգմանությունների համար լրացուցիչ 50 մլն դրամ կհատկացվի

334
0

կառ-նիստ1

Այս տարվա բյուջեում ծախսերի վերաբաշխում կատարելու միջոցով լրացուցիչ 50 մլն դրամ կհատկացվի Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության շրջանակում պահանջվող թարգմանչական աշխատանքների իրականացման համար: Նախագիծը կառավարության հինգշաբթի օրվա նիստում կներկայացնի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«2014 թվականի փետրվարի 12-ի դրությամբ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակներում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ է ներկայացվել մոտ 17500 էջ հայերենից ռուսերեն թարգմանության պատվեր (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող պատվերների, որոնք այս պահի դրությամբ կազմում են մոտ 2000 էջ):

2014 թվականի պետական բյուջեով ՀՀ արդարադատության նախարարությանը «Թարգմանչական ծառայություններ» ծրագրով նախատեսված 122մլն 534 հազ. դրամ հատկացումների շրջանակներում ՊՈԱԿ-ը պետք է կատարի 10100 էջ թարգմանություն: Այսպիսով, այս պահի դրությամբ թարգմանության ներկայացված պատվերներն արդեն իսկ երկու անգամ գերազանցում են ՊՈԱԿ-ի տարեկան պլանը, ընդ որում առայժմ պատվերներ (հայերենից ռուսերեն լեզուներով) ներկայացվել են միայն երեք պետական մարմինների կողմից (ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով):

Մաքսային միության շրջանակներում ռուսերեն թարգմանությունների անհրաժեշտությունը, ըստ ամենայնի, չի սահմանափակվելու նշված պատվերներով, և այն կրելու է շարունակական բնույթ։ Դեռևս անհայտ է, թե Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրա­պետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի համաձայն մյուս պետական մարմիններից և գերատեսչություններից ինչ ծավալի թարգմանություններ են ներկայացվելու:

Նշենք, որ հայերենից ռուսերեն թարգմանությունների իրականացումը չի բխում ՊՈԱԿ-ի կանոնադրական նպատակներից, քանի որ ՊՈԱԿ–ի կանոնադրության համաձայն՝ թարգմանություններն իրականացվում են միայն հայերեն և անգլերեն լեզուներով, և, բնականաբար, Կենտրոնի անձնակազմը համալրելիս առ այսօր պարտադիր պայման է եղել միմիայն անգլերենի և հայերենի գերազանց իմացությունը: Այդ իսկ պատճառով մասնագիտական անձնակազմի ոչ բոլոր անդամներն են պատշաճ մակարդակով տիրապետում ռուսերենին՝ հայերենից ռուսերեն որակյալ թարգմանություն իրականացնելու համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հրայր Թովմասյանի կողմից ներկայացվելիք մեկ այլ որոշմամբ էլ ՊՈԱԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ են կատարելու, որպեսզի ՊՈԱԿ-ը կկարողանա ապահովել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով պահանջվող մեծածավալ թարգմանությունները: