Այսօր Վարշավայում, ուր ընթանում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, կկայանա որոշիչ՝ 9-րդ տուրը։
Տղամարդկանց մրցաշարին կարող եք հետևել այստեղ, իսկ կանանց խաղերին` այստեղ: Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 14:00-ին:
Հայ երկրպագուների համար ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է տղամարդկանց մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականը հավակնում է չեմպիոնի կոչմանը։ Այսօր մեր շախմատիստները որոշիչ խաղում ուժերը կչափեն Ադրբեջանի հավաքականի հետ։ Մեր մրցակիցը մրցաշարային աղյուսակում ունի 13 միավոր և ընդամենը լրացուցիչ ցուցանիշներով է զիջում նույնքան միավորով առաջին հորիզոնականում հանգրվանած Ֆրանսիայի հավաքականին։ Հայաստանի ընտրանին մեկ միավոր պակաս ունի և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Այսօրվա խաղում հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կարող է հռչակվել Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն, եթե մյուս խաղում Ռուսաստանի հավաքականը, որը 11 միավորով 4-րդն է, հաղթի առաջատար Ֆրանսիայի։ Բուքմեյքերները ավելի բարձր են գնահատում թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի հաղթելու հնարավորությունները։
Հայաստան — Ադրբեջան՝ 1։1
Լևոն Արոնյան — Շախրիյար Մամեդյարով 0,5։0,5
Թեյմուր Ռաջաբով — Սերգեյ Մովսեսյան
Վլադիմիր Հակոբյան — Ռաուֆ Մամեդով
Գադիր Գուսեյնով — Գաբրիել Սարգսյան 0,5։0,5
Կանանց մրցաշարում մեր շախմատիստուհիները, 8-րդ տուրում պարտություն կրելով Ուկրաինայի թիմից, զրկվեցին առաջին հորիզոնականը զբաղեցնելու հնարվորությունից։ Ուկրաինան վաստակած 15 միավորով արդեն հռչակվել է չեմպիոն, քանի որ երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի հավաքականի նկատմամբ ունի 3 միավորի առավելություն։
Այսօր Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Հունգարիայի թիմի հետ։ Մեր շախմատիստուհիները, որոնք նախորդ 8 տուրերում վաստակել են 11 միավոր և զբաղեցնում են 4-րդ տեղը, հաղթանակի դեպքում կարող են հավակնել մրցանակային տեղերին։ Մյուս խաղատախտակների վրա կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի, Վրաստանի և Նիդեռլանդների թիմերը։
Հունգարիա — Հայաստան՝ 0։1
Թան Թրան Հոան — Էլինա Դանիելյան
Լիլիթ Մկրտչյան — Անիտա Գարա 1։0
Պետրա Պապ — Լիլիթ Գալոյան
Մարիա Կուրսովա — Աննա Ռուդոլֆ
Առաջնության տղամարդկանց մրցաշարի աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ կանանց մրցաշարի աղյուսակին՝ այստեղ։