Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնության հետ մի քանի համաձայնագրերում փոփոխություններ, որի շնորհիվ հայաստանցիները շուտով կկարողանան Ռուսաստանում 30 օր գտնվել` առանց իրավասու մարմիններում գրանցվելու պարտականության, ինչպես նաև կկարողանան աշխատել` առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլտվության ստանալու: Համապատասխան որոշումներն ընդգրկված են կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Դրանցից առաջինով սահմանվում է. «Մեկ Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից…Մեկ Կողմի պետության քաղաքացու 30 օրից ավելի ժամանակով մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում` այդ պետության օրենսդրությանը համապատասխան»:
Իսկ երկրորդ համաձայնագրում ձևակերպված է «Աշխատողի մուտքը, գտնվելը և աշխատանքային գործունեությունը աշխատանքի տեղավորման պետության տարածքում կարգավորվում է այդ պետության օրենսդրությամբ։ Աշխատողն իրավունք ունի աշխատանքային գործունեություն իրականացնել առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու թուլտվության»:
Աշխատանքային գործունեության և գտնվելու հետ կապված այս ազատականացումը տեղի էր ունենալու այն պահից, երբ Հայաստանն անդամակցեր Մաքսային միությաննն ու Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն, քանի որ Հայաստանն այդ միություններին չի կարող անդամակցել 2015թ հունվարի 1-ից շուտ, հայկական կողմը նախաձեռնել է այս փոփոխությունները` նպատակ ունենալով դյուրինացնել հայաստանցիների աշխատանքային իրավահարաբերությունները Ռուսաստանում` մինչև 2015թ հունվարի 1-ը:
«Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միացման ճանապարհային քարտեզի 222-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցության պահին պետք է միանա «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին:
Վերջինիս համաձայն՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվում է ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է Մաքսային Միության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Այսպես` աշխատանքի տեղավորման պետության գործատուների կողմից միգրանտ աշխատողներին ներգրավելու հետ կապված գործունեությունն իրականացվում է առանց ազգային աշխատանքային շուկայի պաշտպանության վերաբերյալ սահմանափակումները հաշվի առնելու, իսկ միգրանտ աշխատողներին հարկավոր չէ ստանալ Կողմի պետությունների տարածքներում աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլտվություն:
Նշված դրույթը ՀՀ-ի համար պետք է սկսի գործել միայն 2015թ. հունվարի 1-ից, քանի որ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան ՀՀ-ի համար ուժի մեջ է մտնելու այդ ժամկետից սկսած:
Հաշվի առնելով վերոհիշյալ համաձայնագրի դրույթների կարևորությունը՝ նպատակահարմար է համարվել մինչև Մաքսային Միությանն անդամակցությունը քննարկումներ սկսել ռուսական կողմի հետ՝ նշված հարցերը կարգավորող երկկողմ համաձայնագիր ստորագրելու շուրջ:
Սույն Արձանագրության ստորագրումը թույլ կտա նշված դրույթը կիրարկել ավելի վաղ ժամկետում, ինչը բխում է ՌԴ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող ՀՀ քաղաքացիների շահերից»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Այսպիսով` Ռուսաստանի հետ աշխատանքային միգրացիայի հետ կապված որոշ հեշտացումներ փորձ է արվում անել` մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը: Թե կոնկրետ երբ դա կարվի` կապված է նաև ռուսական կողմից: Համաձայնագրերում նշվում է, որ փոփոխություններն սկսվելու են ժամանակավորապես (մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը) կիրառվել` «այն ստորագրելու օրվանից 30 օրը լրանալուց հետո և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալուց հետո»:
Հրայր Մանուկյան