Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ հեռուստաընկերության եթերում ներկայացրել է աշխատանքները, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:
«Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ՝ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- ասել է Ավագյանը:
Ըստ նրա՝ այլ միջոցառումներ ևս ձեռնարկվում են։
«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգավոր երկրներից ժամանող ուղևորներ ենք ունենալու, նախօրոք իրենց մասով լրացվում են հասցեական քարտեր: Մենք արդեն 1 271 հասցեական քարտ ենք լրացրել հունվարի 24-ից, որոնցից 36-ը հոսպիտալացվել են սահմանային հսկիչ կետերից․ մեծ մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանից, երկրորդ տեղում Բագրատաշենն է»,- ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:
Ինչ վերաբերում է Մեղրիի անցակետին, ապա այնտեղից հոսպիտալացման ընդամենը մեկ դեպք է գրանցվել: ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել, ԲԿ-ում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված չէ:
Ավելի վաղ, առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարել էր, որ Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի, որ ունեցել են գրիպի թեթև ախտանշաններ։ Ըստ նրա, բոլորն էլ կորոնավիրուսի դեմ թեստավորվել են, և արդյունքները բացասական են եղել:
***
COVID-2019 նոր կորոնավիրուսը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Չինաստանից բացի շարունակում է տարածվել 30 այլ պետություններում ևս: Մասնավորապես, նոր բռնկումներ են գրանցվել Իրանում և Իտալիայում: Պաշտոնական տվյալներով, փետրվարի 25-ի դրությամբ, Իրանում վիրուսից մահացել է 12 մարդ: Երկրում հայտնաբերվել է 61 վարակակիր, հետազոտվում է ևս 900 մարդ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուսի վարակ։
Հայաստանի կառավարությունը կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում փետրվարի 24-ին երկու շաբաթով սահմանափակել է Իրանի հետ ցամաքային սահմանը: Օդային երթևեկությունը իրականացվում է նույնպես սահմանափակումներով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքոում: