Հայաստանի բնակչությունը սնուցման կրկնակի խնդիր ունիˋ թերսնման եւ ճարպակալման: Հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկ թերսնումը ազդում է մինչև 5 տարեկան երեխաների մոտավորապես 20 տոկոսի ֆիզիկական եւ մտավոր զարգացման վրա:
Այսօր այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ու Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորները «Սնուցումը որպես կարևոր բանալի տնտեսական զարգացման համար. իրավիճակը Հայաստանում» թեմայով համաժողովի ամփոփմանը:
«2010 թ. պաշտոնական հետազոտության տվյալներով երեխաների մոտ անհանգստացնող է թերաճությունը: 0-ից 5 տարեկան երեխաների 19 տոկոսի մոտ հասակը կարճ է և քաշը նվազ է իրենց ընկերների համեմատությամբ, կամ միջին պոպուլացիոն ցուցանիշով: Մենք երեխաների մոտ ունենք սակավարյունության խնդիր: Այս դաշտում շատ անելիքներ ունենք և անհրաժեշտ է արդյունավետ, համակցված ջանքերի ներդրում»,-ասաց ՀՀ Առողջապահության նախարարությանˋ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Նա նշում է, որ գյուղաբնակ երեխաների մոտ թերքաշությունը ավելի շատ է (23 տոկոս), քան քաղաքաբնակների մոտ (18 տոկոս):
«Այս նոր կառավարության ծրագրում մոր եւ մանկան առողջությունը գերակա խնդիրներից մեկն է: Եվ 3 ուղղություններից հենց մեկը վերաբերում է սնուցման վիճակի բարելավմանը: Մենք կառավարությանը ներկայացնելու ենք երեխաների սնուցման ռազմավարական ծրագիրը»,-ասում է Սարիբեկյանը:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների, Հայաստանում նաև գերքաշության դեպքերի աճ է նկատվում թե երեխաների (15 տոկոս քաշի ավելցուկ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում), և թե մեծահասակների (24 տոկոս) շրջանում:
Հատկանաշանկան է նաև, որ շաքարային դիաբետը ներկայում Հայաստանում մեծահասակների մահվան հիմնական պատճառներից մեկն է:
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Դեքելբաումը ասում է, որ Հայաստանում գոյություն ունի կարճահասակության շատ բարձր մակարդակ:
«Օրինակˋ 4-րդ դասարանի երեխան մտնում է դասարան եւ բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ նա առաջին դասարանի երեխա է: Հայաստանում շատ բարձր են սակավարյունության խնդիրները: Սակավարյունությունը շատ բարձր է երեխաների եւ հղի կանանց մոտ: Մյուս կողմից մենք ունենք գերքաշություն: Դա կարող եք տեսնելˋ դուրս գալով փողոց: Դա կապված է նրա հետ, որ Հայաստանում շատ բարձր է կաթվածների մակարդակը: Դա կապված է նաեւ քաղցկեղի հետ, բայց ավելի շատ դիաբետի հետ»,-հավելեց Ռիչարդ Դեքելբաումը:
Նշենք, որ համաժողովը կազմակերպել էին Հայ օգնության ֆոնդը, Վորլդ Վիժն Հայաստանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը: