տուն Քաղաքական Վերլուծական Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները կազմում են մեկ ամբողջություն

Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները կազմում են մեկ ամբողջություն

249
0

     980441294

Երեկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել են միջազգային մամուլի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ: Թեմային անդրադարձել են Euronews-ը, BBC-ն, Reuters-ը, France24-ը, Financial Times-ն և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ: Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում մամուլի անդրադարձները կազմում են նաև պետական և տարածաշրջանային քաղաքականության մաս: Հետևաբար կարելի է փաստել, որ Երևանում տեղի ունեցածը առաջացրել է արևմուտքի հետաքրքրությունը: Ճիշտ է, դա այս պահին դրսևորվում է միջազգային մամուլի անդրադարձների տեսքով, սակայն իրադարձությունների հետագա շարունակության պարագայում արձագանքներ կլինեն արդեն պաշտոնական հայտարարությունների տեսքով:

Վստահաբար կարելի է ասել նաև, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ միայն Հայաստանի ներքին քաղաքականության, այլ ամբողջ նախկին խորհրդային հատվածում ընթացող գործընթացների տրամաբանական շարունակությունն ու այդ շղթայի անբաժանելի մասն է կազմում: Հետևաբար տեղի ունեցածի և հետագա գործողությունների պլանավորման ժամանակ պետք է Ուկրաինայում, անգամ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկել մեկ ամբողջականության մեջ: Նախ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում որոշակիորեն մեղմեցին կարծես անհերքելի թվացող ռուսական ուժի առասպելը, որը վստահաբար կունենա դրական ազդեցություն այստեղ տեղի ունեցող գործընթացների վրա: Մյուս կողմից, Հայաստանում ինքնիշխանության համար պայքարը զգալիորեն կարող է նպաստել Ուկրաինայի ժողովրդի պայքարին:

Նման պայմաններում Հայաստանը և Ուկրաինան կարող են դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների առևտրի առարկա: Հայաստանում հակամաքսային ճնշման մեծացման պարագայում  Ռուսաստանը արդեն ստիպված կլինի զիջել կամ Հարավային Կովկասը, կամ Ուկրաինան: Երկու դեպքում էլ սա ենթադրում է Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների զսպում և ԱՊՀ տարածքում վերջինիս դիրքերի զգալի թուլացում:

Իհարկե, վստահաբար կարելի է պնդել, որ Արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ Եվրոպայի համար, շատ ավելի ցանկալի կլինի Ուկրաինայի վերջնականապես պոկումը Ռուսաստանից, սակայն Իրանի հետ հարաբերություններում՝ սառույցի կոտրման ֆոնին, ոչ պակաս կարևորություն է ստանում նաև Հարավային Կովկասը: Իսկ Հարավային Կովկասում Արևմուտքի առաջխաղացման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է Հայաստանը` Կրեմլին իր անշահախնդիր նվիրվածությամբ:

Ռուսաստանից թե՛ Ուկրաինայի հրաժարումը, թե՛ Հարավային Կովկասում նրա դիրքերի թուլացումը բխում է ՀՀ շահերից, քանի որ անգամ Ուկրաինայի Արևմուտք շարժվելու պարագայում զգալիորեն թուլանում է ռուսական ազդեցությունը, իսկ Մաքսային միության կամ ռուսական ազդեցության ընդլայնման հեռանկարը առանց Ուկրաինայի՝ դրվում է խիստ կասկածի տակ:

Այս պայմաններում Հայաստանը հնարավորություն կունենա, անգամ չգնալով ո՛չ արևմուտք, ո՛չ արևելք, և վարելով հավասարակշռված քաղաքականություն, ստանալ զգալի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական օգուտներ, միաժամանակ բարձրացնելով իր քաղաքական կշիռը:

Հետևաբար, Հայաստանում անկախական ուժերը պետք է ինքնակազմակերպվեն և շարունակեն երեկվա սկսածը` օրակարգում դնելով և վարչախմբի` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հեռացման, և Մաքսային միության անդամակցությունից հրաժարման հարցերը: Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած որոշ քաղաքագետների, վերլուծաբանների մտահոգություններին, այս երկու հարցերը փողոցում գրեթե միավորվում և դառնում են մեկ ընդհանուր օրակարգի մաս:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here