տուն Հասարակություն Իրավական Հայաստանում փակվելու են մի շարք ՔԿՀ-ներ և կառուցվելու են նորերը

Հայաստանում փակվելու են մի շարք ՔԿՀ-ներ և կառուցվելու են նորերը

404
0

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է փակել մի շարք ՔԿՀ-ներ և կառուցել նորերը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։

«Նախատեսվում է փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:

Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները»,- գրել է Մարտիրոսյանը։