տուն Լուրեր Հայաստանում ցանկացած լեզվի պաշտոնական կարգավիճակ տալը բերելու է հայերենի կենսունակության նվազման

Հայաստանում ցանկացած լեզվի պաշտոնական կարգավիճակ տալը բերելու է հայերենի կենսունակության նվազման

272
0

armhov

Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու խնդրի շուրջ Araratnews-ը զրուցեց «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանի հետ: Մեր զրուցակիցը շեշտեց, որ Հայաստանում ցանկացած լեզվի պաշտոնական կարգավիճակ տալը բերելու է հայերենի կենսունակության նվազման: «Եթե չեմ սխալվում, պարոն Սլուցկին ավելի արմատական լուծում էր առաջարկում, նա պաշտոնական կարգավիճակ էր պահանջում ռուսերենի համար, երկրորդ տարբերակը` աշխատանքային լեզուն, կարծես թե ավելի մեղմ առաջարկն է, որը լսելի է դարձրել Արմեն Աշոտյանը: Երկու առաջարկներին էլ կտրականապես դեմ եմ, կարող եմ հերթական անգամ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած լեզվի կարգավիճակ տալը բելելու է նրան, որ հայերենի կենսունակությունը նվազելու է: Ցանկացած պաշտոնական, ոչ պաշտոնական կիրառման մեջ հայերենը պետք է առաջատար դեր ունենա, դա նաև ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որտեղ ասվում է, որ ՀՀ Պետական լեզուն հայերենն է, ոչ թե պաշտոնական լեզուն, ինչպես ասում է պարոն Աշոտյանը, այլ պետության գոյության լեզուն հայերենն է:  Կային ազգային փոքրամասնության լեզուներ, այդ թվում և ռուսերենը, այդպիսին են ճանաչված հունարենը, ասորերենը, քրդերենը: Այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում, բնականաբար, ազգային փոքրամասնությունները պետք է հնարավորինս կարողանան պահել իրենց ազգային, լեզվամշակութային ինքնությունը, իսկ պետությունը պետք է հնարավորությունների սահմանում նրանց աջակցի»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե այս գործընթացներում նկատելի չե՞ն քաղաքական ասպեկտները,  մեր զրուցակիցը միանշանակ փաստեց, որ այստեղ դեր է խաղում քաղաքական գործոնը.« Միանշանակ դա իրենց կողմից քաղաքականություն է, ես հասկանում եմ, որ դա  «Սոյուզ-2»  տարր է: Իրենք հասկանում են, որ Սովետական միությունը վերականգնելի չէ, բայց գուցե ներքին օգտագործման համար,  կայսերապաշտական, ռեվանշիստական զգացմունքները բավարարելու համար, իրենք փորձում պատրանք ստեղծել, թե տեսեք, մենք բոլորին ստիպեցինք խոսել ռուսերեն: Ռուս ժողովուրդը, իր բոլոր առաքինություններով  հանդերձ, կայսերական ժողովուրդ է, նրա պատմության ամենաաստեղային պահերը կապված են կայսրության գոյության հետ և երևի նման ձգտումներ ունի, որոնք երևի ինչ-որ կերպ բավարարում են իրեն: Բայց մեր խնդիրը՝ հայկական պետականություն կերտելն է, հայկական պետության մեջ ապրելն է, որտեղ բնականաբար, գերակշռող լեզուն պետք է միանշանակ լինի հայերենը»,- եզրափակեց Արմեն Հովհաննիսյանը :

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here