Գաղտնիք չէ, որ Հայաստանում բնակչության այսքան մեծ արտագաղթը սկիզբ է առել Երրորդ Հանրապետության հիմնադրման օրերից: Եթե փորձենք թվարկել 90-ականների սկզբներին երկրից բնակչության արտահոսքի պատճառները, պետք է նշենք առաջին հերթին պատերազմի պատճառը: Քաղաքացիներից շատերը չէին ցանկանում իրենց արու զավակներին ուղարկել նոր կազմավորվող Հայկական բանակ, քանի որ զոհվելու, հետ չվերադառնալու ռիսկը շատ մեծ էր: Այդ պատճառով է, որ տարբեր հաշվարկներով, 90-94թթ. պատերազմի մասնակիցների առավելագույն թիվը 25.000-ն էˋ ներառյալ կամավորականներն ու ոստիկանության զորքերը: Համեմատության կարգով ասենք, որ այսօր թիվը հասնում է մինչև 100.000:
Երկրորդ հարցն ավելի շատ սոցիալական է: Հատկապես Քարվաճառի ազատագրումից հետո Թուրքիայի Հանրապետության կողմից ՀՀ-ի հետ միջպետական սահմանի փակումը առաջացրեց սոցիալական լրջագույն խնդիրներ: Կենսական ապրանքների սղությունը պատճառ դարձավ արտագաղթի հերթական ալիքին:
Մինչ այդ երկրաշարժից անբնակարան մնացած հազարավոր մեր հայրենակիցներից շատերը ևս նախընտրեցին Հայաստանից դուրս բախտ որոնելու տարբերակը:
1998թ. համեմատաբար ամենացածր արտագաղթի թվեր պարունակող տարին է եղել: Հիշեցնենք, որ 1998թ. ազատ ու արդար ընտրություններում Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը հաղթեց ԱԺ ընտրություններում: Կարծես ժողովրդի մոտ առաջացավ նորից մնալու ու արարելու հույսն ու ցանկությունը, բայց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ոչնչացրեց հույսի նոր ծիլերը:
Այսպիսով, 1999թվականից սկսված արտագաղթի նոր ալիքն իր մեջ սկսեց չպարունակել սոցիալական սուղ պայմաններից ելնելով գնալու փաստը: Հայաստանը լքող ընտանիքներից շատերը, որքան էլ որ զարմանալի է, սոցիալապես ապահովված ու բարեկեցիկ ընտանիքներ են:
Խնդիրը հավատի բացակայությունն է: Ընտանիքները, որոնք լքում են Հայաստանը, չունեն Հայաստանի ապագայի հանդեպ հավատ: Նրանք հոգնել են պայքարելուց կամ երբեք էլ չեն պայքարել, դա իրենցը չհամարելով: Փաստը, սակայն, ցավոք այն է, որ տարեկան առնվազն 50.000 (տարբեր տվյալներով մինչև 80.000) հայաստանցիներ լքում են երկիրը, շատերը հավերժ այրելով վերադարձի կամուրջները:
Ըստ տարբեր տվյալների, Հայաստանից Անկախությունից ի վեր արտագաղթել է 1.500.000 քաղաքացի: Հայաստանում սպիտակ եղեռն է: Մեղավորը իշխանություններն են, որոնք 20 ու ավելի տարիներ չկարողացան քաղաքացուն թիկունք լինող պետություն ստեղծել:
Արմեն Մկրտչյան