Երևանում այսօր քննարկվեց համալիր սոցիալական ծառայության մոդելի ներդրման հարցը: Համալիր սոցիալական ծառայությունն այն է, որ կյանքի դժվարին պայմաններում հայտնված անձանց կարիքների գնահատումն ու սոցիալական տարբեր տիպի ծառայությունների մատուցումը իրականացվի մեկ պատուհանի տակ:
Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի հետ միասին: Միջոցառման ժամանակ ներկայացվեց սոցիալական ապահովության իռլանդացի փորձագետի Ջերրի Ֆիցպատրիկի գնահատումները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստանում փորձարկվել են թվով 19 տարածքային կենտրոններ, որոնցում բոլոր սոցիալական ծառայությունները մեկտեղված են: Նախարարի ասելով՝ համալիր սոցիալական ծառայությունների ներդրման 3 փուլ կարելի է առանձնացնել: Առաջինը ֆիզիկական ինտեգրումն է, երբ մարդիկ սոցիալական բոլոր տեսակի ծառայությունների համար շփվում են միայն մեկ կենտրոնի հետ: Հայաստանում այժմ կան սոցիալական ոլորտի 4 գերատեսչություններ, սակայն քաղաքացին գործ չի ունենալու դրանցից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին:
Երկրորդ փուլը, ըստ նախարարի, տեղեկատվական ինտեգրումն է, երբ մտցվում է դիմումների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ: Այս փուլը փորձարկվող տարածքներում լիարժեք չի գործում: Եվ երրորդ փուլը՝ կառուցվածքագործառութային ինտեգրումն է, երբ արդեն 4 կառույցների փոխարեն Հայաստանում սոցիալական ծառայություններով կզբաղվի միայն մեկը: Այս փուլին հնարավոր կլինի անցնել միայն առաջին երկուսի լիարժեք ներդրման պարագայում: