տուն Uncategorized Հայաստանում սովորող չինացի ուսանողներին «խնդրել են» տոներին տուն չմեկնել

Հայաստանում սովորող չինացի ուսանողներին «խնդրել են» տոներին տուն չմեկնել

289
0

Ամեն տարի հունվարին արտերկրում ապրող չինացիները հայրենիք են վերադառնում նշելու Ամանորյա տոները (Նոր տարին արևելյան օրացույցով)։ Սակայն այս տարի Չինաստանում տարածված կորոնավիրուսի պատճառով, Հայաստանում սովորողները որոշել են մնալ այստեղ։

Sputnik Արմենիան հետաքրքրվել է Երևանի 5 խոշոր պետական համալսարաններում սովորող կամ դասավանդող Չինաստանի քաղաքացիների «ճակատագրով»։

Երևանի պետական համալսարանում ներկա պահին 4 չինացի է սովորում։ Բոլորը ռուսական բանասիրություն են ուսումնասիրում համապատասխան ֆակուլտետում։ Ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը պատմեց, որ չինացի ուսանողներից ոչ մեկը վերջին շրջանում հայրենիք չի մեկնել։

«Նրանց մոտ քննական շրջան է, նրանք նույնիսկ ցանկության դեպքում չէին հասցնի մեկնել և հանգստանալ», – նշեց Բալայանը։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Չինաստանից միայն մեկ ուսանողուհի կա, որը նույնպես արձակուրդներին տուն չի վերադարձել։

Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում կորոնավիրուսի պատճառով ծրագրերն ու դասացուցակը մի փոքր փոփոխվել է։ Համալսարանի մամուլի քարտուղար Դիանա Մարկոսյանը պատմեց, որ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում ժամանակ առ ժամանակ Չինաստանից այստեղ եկած մագիստրատուրայի ուսանողները չիներեն են դասավանդում։ Երկուսին համալսարանը հրաժեշտ էր տվել 2019 թվականի դեկտեմբերին, նորերին էր սպասում հունվարին։ Սակայն կորոնավիրուսի պատճառով նոր դասախոսները Հայաստան ժամանել չեն կարողացել։

«Չինական կողմն անձամբ է հայտարարել դասախոսներին ոչ թե հիմա, այլ մեկ ամիս անց ուղարկելու որոշման մասին, և մենք իհարկե ընդունել ենք այդ առաջարկը։ Ներկա պահին մեր համալսարանում չինացիներ չկան` ո՛չ ուսանողների, ո՛չ դասախոսների շրջանում», – ասաց Մարկոսյանը։

Երևանի Վ. Բրյուսովի անվան  լեզուների և սոցիալական գիտությունների պետական համալսարանում 2009 թվականից գործում է չիներենի ուսումնասիրման Կոնֆուցիոսի ինստիտուտը։ Համալսարանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Հայաստան ժամանելու պահից ինստիտուտի որևէ դասախոս երկիրը չի լքել։

«Կոնֆուցիոսի ինստիտուտի ներկայիս դասախոսները Հայաստան են ժամանել 2019 թվականի օգոստոսին։ Նրանք բուժզննում են անցել և լիովին առողջ են», – գրված է հաղորդագրության մեջ։

Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում նույնպես չիներենի ուսումնասիրման կենտրոն կա։ Կենտրոնի տնօրեն Նաիրա Անտոնյանը Sputnik  Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ կենտրոնում ներկա պահին 7 ուսանող է սովորում։

«Կորոնավիրուսի մասին լուրերի տարածման պահից, մենք ոչ պաշտոնապես, ընկերաբար մեր ուսանողներին խնդրեցինք Չինաստան չմեկնել։ Հունվարի 25-ին իրենց մոտ Նոր տարի էր, նրանք հավանաբար նախատեսում էին տուն մեկնել։ Սակայն այժմ մտածում են` ինչպես կարող են իրենց ընտանիքները Չինաստանից Հայաստան տեղափոխել։ Ցավոք, արդեն չեն կարող», – ասաց Անտոնյանը։